Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները եռակողմ հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով կանոնավոր երկաթուղային երթեւեկության ապահովման համար համատեղ գործողություններ, այդ թվում՝ տնտեսապես խորահիմն սակագների սահմանում եւ նոր բեռերի բազայի ներգրավում: Այս մասին հաղորդում է «Ռուսական երկաթուղիների» պաշտոնական կայքը:
«Այդ նպատակով կողմերը կքննարկեն Ախալքալաք (Վրաստան) – Կարս հատվածում 76 կմ երկարությամբ 1520 մմ լայնություն ունեցող երկաթուղագծով երկրորդ երկաթուղու կառուցման նախագծի իրականացման հնարավորությունը՝ Թուրքիայի տարածքով և Կարսում տերմինալ – լոգիստիկ կենտրոնով», – ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Հուշագրի պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 6-ին՝ Անկարայում: Փաստաթուղթը ստորագրել են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզյորովը, «Թուրքական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Ույգուն Ալի Իսխանը եւ ՓԲԸ «Ադրբեջանի երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Ջավիդ Ղուրբանովը:
«Մեր կողմից ստորագրված հուշագիրը բացում է Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով փոխադրումների զարգացման ճանապարհը, որն այժմ կառուցվում է ադրբեջանական երկաթուղայինների ղեկավարությամբ: Սա նշանակում է, որ Թուրքիան միանում է նախկին ԽՍՀՄ երկրների, ինչպես նաեւ Ֆինլանդիայի, Բուլղարիայի եւ Իրանի երկաթուղիների միասնական տեխնոլոգիական տարածքին, որոնք միմյանց հետ աշխատում են մշտապես սերտ համագործակցությամբ», – հայտարարել է «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովը` ստորագրման արարողության ժամանակ:
Նա հաղորդել է, որ արդեն այսօր Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տարեկան 6 մլն տոննա ապրանք է փոխադրվում՝ ուղիղ հաղորդակցությամբ եւ 20 մլն տոննա՝ տարբեր տրանսպորտային միջոցների օգտագործմամբ, ներառյալ երկաթուղին:
«Միեւնույն ժամանակ, «Կորեայի Հանրապետությունից, Չինաստանից եւ այլ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից ուղարկված «Տրանսսիբիրյան մայրուղու բեռները կտեղափոխվեն Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցք»,- հավելել է «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը:
Նրա խոսքով, Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքի հետագա զարգացումը նախադրյալներ կստեղծի պարբերաբար բեռնարկղային երթեւեկության կազմակերպման համար եւ ներգրավելով Թուրքիային եվրասիական տրանսպորտային միջանցքների համակարգին, այս գծով կմեկնարկեն նոր բեռնափոխադրումներ, կհայտնվեն միջազգային լոգիստիկայի զարգացման նոր հնարավորություններ:
Տեղեկությունը ամբողջությամբ վերցված է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի պաշտոնական կայք-էջից: