Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երկօրյա այցով գտնվում էր Սամցխե-Ջավախքում: Նա այցելել է տարբեր ձեռնարկություններ, հանդիպել ուսանողների, քաղաքական կուսակցությունների և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Իր այցի առաջին օրը՝ ապրիլի 27-ին, Գիորգի Մարգվելաշվիլին այցելել է Վարձիայի Աստվածամոր Վերափոխման տաճար, ապա Փոկա գյուղում գտնվող Սբ. Նինոյի մենաստան: Մենաստանի բնակիչները պատրաստում են տարբեր ապրանքներ, որոնք վաճառում են հենց իրենց խանութում: Նրանք պատրաստում են ջեմեր, տարբեր պանիրներ, քաղցրավենիք, թեյ, մեղր: Բացի այդ պատրաստում են զարդեր: Նախագահը այցելել է նաև մենաստանի խանութ, որտեղ և վաճառվում այդ բոլոր արտադրանքը:
Հետո նախագահը եղել է «Ջորջիան բիզնես զոնա» պանրի արտադրության գործարանում, որը 2008 թ.-ին արժանացել է ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի դրամաշնորհին: Ընկերության ներկայացուցիչները Մարգվելաշվիլիին պատմել են իրենց խնդիրների մասին, որոնց իրենք բախվում են արտադրության և իրացման ընթացքում:
Մարգվելաշվիլին հանձնարարել է տնտեսական հարցերով իր խորհրդական Մայա Մելիքիձեին ուսումնասիրել այդ հարցը և ներկայացնել այն բիզնես-օմբուդսմենի հանդիպման հաջորդ քննարկմանը:
«Պահանջիր Վրացականը» քարոզարշավը, որը մեկնարկել էր 2017 թ.-ի սկզբին, ուղղվված է նպաստելու երկրում հայրենական արտադրությանը: Այդ նախաձեռնությունների նպատակն է մեծացնել վրացական ապրանքների վաճառքի աճը ներքին շուկայում:
Ապրիլի 28-ին Գիորգի Մարգվելաշվիլին «Սահմանադրությունը պատկանում է բոլորին» քարոզարշավի շրջանակներում հանդիպել է համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաև «Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում» հանդիպել է ոչ պետական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: