Այսօր ախալքալաքցիները նշում են իրենց ամենասիրած գարնանային տոներից մեկը՝ Ծռատոնը, սակայն վատ եղանակն իր շտկումներն է կատարում տոնակատարության ընթացքում։

Ամեն տարի այս օրն Ախալքալաքի բնակիչները վաղ առավոտյան սկսում են իրենց ուխտագնացությունը դեպի Տավշանկա լեռ (Ամիրանիս գորա)՝ դեպի սրբավայր, սակայն այս տարի շատ սակավաթիվ համարձակներն էին միայն որոշել գնալ ուխտագնացության։ Ախալքալաքում արդեն մեկ շաբաթ է անձրևոտ եղանակ է, ինչը գրեթե անհնարին է դարձնում լեռ բարձրանալը։ Չնայած դրան, կան բազմաթիվ ավանդույթներ և հավատալիքներ, որոնք պահպանվում են այս օրը՝ այն ընտանիքներում, որտեղ երեխայի են սպասում:

Դեռ երեկոյից արդեն Ախալքալաքի բնակչուհի Սոֆիայի տան բոլոր պահարանները փակ են, որպեսզի ընտանիքի անդամներն առավոտյան պատահաբար չհանեն կտրող-ծակող առարկաները։ Օճառը հեռացրել են լոգարանից, ավելը տեղափոխել են հեռու մի անկյուն։ Այս ամենն արվում է, որպեսզի, ըստ հավատալիքների, դեռ լույս աշխարհ չեկած երեխայի հետ ամեն ինչ լավ լինի։

шкаф

«Երեկվանից՝ ժամը 23:30-ից, թաքցրել ենք բոլոր պատառաքաղները, դանակները, օճառն ու ավելը։ Այս ավանդույթը մեզ մոտ դեռ հնուց է եկել, եթե տանը հղի կին կա, որպեսզի երեխան չծնվի արատներով, այս օրն ընտանիքի անդամները չպետք է օգտագործեն պատառաքաղ, դանակ, մկրատ, ասեղ, օճառ և ավել: Անձամբ ես այս ավանդույթներին լուրջ չէի մոտենում, բայց հարսս շատ ուշադիր է նման բաների նկատմամբ, ուստի ես այս տարի որոշեցի պահպանել ավանդույթները, որ հանկարծ իմ պատճառով խնդիրներ չառաջանան, Աստված մի արասցե։ Քանի որ իմ աշխատանքը նույնպես կապված է ծակող գործիքների հետ, հանգստյան օր եմ վերցրել, շատ հաճախորդների մերժել եմ։ Շատ եմ ուզում բարձրանալ Տավշանկա, չնայած եղանակը վատ է, բայց անպայման կբարձրանամ, գուցե մեքենայով»,- ասում է Սոֆյան։

Այսօր Տավշանկա բարձրացած այն քիչ համարձակների թվում էր Ախալքալաքի բնակչուհի Գայանեն։

«Չնայած վատ եղանակը էր, այնուամենայնիվ, բարձրացա լեռը, առավոտյան ժամը 8:30-ին վեր կացանք և իջանք արդեն 11-ին, բայց մեր դիմաց ոտնահետքեր կային, ըստ երևույթին, ինչ-որ մեկը մեզնից առաջ բարձրացել էր, երբ իջնում էինք, հանդիպեցինք մարդկանց, ովքեր բարձրանում էին։ Աղջիկս երեխայի է սպասում, և ես որոշեցի ուխտագնացության գնալ, իսկապես հավատում եմ նախապաշարմունքներին, չեմ ուզում, որ ինչ-որ բան պատահի»,- ասում է նա։

Հայ Առաքելական Եկեղեցին իր տոնացույցում նման անունով տոն չի նշում։ Ինչպես պատմեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, կան բազմաթիվ ավանդույթներ, որոնք առաջացել են նաև հասարակությունում, օրինակ՝ Զատկի ժամանակ ձու կռվեցնելը կամ Սուրբ Սարգսի տոնին փոխինձի վրա սմբակի հետքը դնելը։ Սակայն այս սովորույթները, այնուամենայնիվ, կապված են եկեղեցական տոների կամ եկեղեցու հետ, իսկ Ծռատոնը՝ ոչ։

«Այս տոնը պարզապես բացակայում է Հայ առաքելական եկեղեցու օրացույցից, այն ավելի շուտ Ջավախքում տեղական սովորություն է: Հայաստանում այս տոնը չի նշվում, պարզապես գեղեցիկ սովորություն է, որը ծագել է ինչ-որ տեղից, բայց միանշանակ այս տոնը կապված չէ եկեղեցու հետ: Ամենայն հավանականությամբ, դա բնակչության հետ կապ ունի, մի բանի հետ, որը, ցավոք, մեզ հայտնի չէ: Գեղեցիկ ավանդույթ է, չակերտներով: Ցավոք, այն, որ Ծռատոնին դանակ չեն օգտագործում, որ չի կարելի այս օրը աշխատել՝ այս սնահավատությունները Աստծո հետ որևէ կապ չունեն: Ասում են՝ եթե տանը հղի կին կա, երեխայի վրա նշաններ կլինեն, եթե խախտես այդ նախապաշարմունքները: Դա ուղղակի սնահավատություն է»,- ասում է Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։

Քահանայի խոսքով՝ եկեղեցին չի արգելում այս տոնը: Նա կարծում է, որ այս օրը կարելի է համարել ուխտագնացության օր, երբ մարդիկ բարձրանում են դեպի սրբավայր։

Праздник надежд