Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցը վթարային է: Օրեր առաջ դասի ժամանակ հանկարծակի փլուզվել է դասասենյակներից մեկի առաստաղը: Ոչ-ոք չի տուժել, սակայն թե աշակերտները, թե ուսուցիչները դրանից հետո լարված և վախեցած են:
Գյուղի թիվ 1 հանրային դպրոցն արդեն երկար տարիներ վթարային վիճակում է գտնվում: Դպրոցի տնօրեն Ռիմա Մկոյանի խոսքով՝ 1955 թվականից դպրոցն հիմնովի չի վերանորոգվել, մի քանի տարի միայն մասնակի վերանորոգումներ են կատարվել, որոնք շենքի վթարային վիճակը չեն բարելավել: Փոխվել են պատուհանները, ներսում ներկվել են պատերը և այլն: Սակայն ամբողջ շենքի առաստաղը, հատակը, պատերը ամբողջությամբ ոչ մի վերանորոգում չեն տեսել, լրիվությամբ քայքայված են և ենթակա հիմնանորոգման:
«Համակարգչային սենյակում դաս էր, հանկարծակի առաստաղը ճրթճրթալով իջավ ցած, փառք Աստծո երեխաները վնաս չկրեցին, փայտերը իրար պահեցին, երեխաները հասցրին դուրս վազել: Հողը վերևից լցվեց համակարգիչների վրա», – ասաց դպրոցի տնօրենը:
Համակարգչային սենյակի առաստաղի փլուզման ժամանակ այնտեղ 6-րդ դասարանի աշակերտներն են եղել: Աշակերտներից մեկը, ում անունն իր ցանկությամբ չենք հրապարակում նշեց. «Ես արագ դուրս վազեցի սենյակից, գիտեի թե երկրաշարժ է, բայց հետո հասկացանք, որ միայն մեր դասասենյակի առաստաղն է փլվել: Ճիշտ է, հիմա սարքել են, բայց միևնույն է ես վախենում եմ այդ դասարան մտնել»:
Համակարգչային դասասենյակի առաստաղը այս պահին ամրացված է, քանի որ աշակերտները հենց այս սենյակում են հանձնելու ավարտական քննությունները, դպրոցի տնօրինությունը անմիջապես ձեռնամուխ է եղել, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի առաստաղը, որպեսզի սույն փաստը չխանգարի ավարտական քննությունների անցկացմանը:
Գյուղի դպրոցը կառուցվել է 1955 թվակաին, շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 920 քառակուսի մետր, որից օգտագործվող տարածքը 538 քառակուսի մետր է, դպրոցն ունի 14 դասասենյակ, ուսուցչանոց, գրադարան և նկուղ: Քանի որ դպրոցի շենքը գտնվում է անմխիթար վիճակում, ուստի այս խնդրի լուծումը թե դպրոցի տնօրինությունը, թե գյուղի բնակիչները տեսնում են միայն նոր դպրոցի կառուցման մեջ:
«Ցավալին այն է, որ ամբողջ առաստաղը ցանկացած պահի կարող է փլուզվել, ինչպես եղավ մի քանի օր առաջ», – նշեց Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի տնօրեն Ռիմա Մկոյանը:
Մի խումբ ծնողներ այս դեպքից ելնելով դիմել են դպրոցի տնօրինությանը, որպեսզի դպրոցում համապատասխան անվտանգության պայմաններ ապահովվեն, հակառակ դեպքում երեխաներին այլ դպրոց կուղարկեն:
«Ցուրտը, խոնավությունը քիչ էր, հիմա էլ պարզվում է վտանգ կա, որ ամեն պահի դպրոցը կարող է փլուզվել: Եթե դպրոցը չսարքեն, մեզ մնում է, որ երեխաներին ուրիշ դպրոց ուղարկենք: Հասկանում եք, սա այնպիսի հարց չէ, որ կարելի է անտեսել, սա մեր երեխաների կյանքին է վերաբերում», – ասաց Դիլիսկա գյուղի բնակիչ Մարտինը, ում որդին հենց այս դպրոց է հաճախում:
Վրաստանի Կրթության և գիտության նախարարության համապատասխան ծառայության աշխատակիցները եղել են դեպքի վայրում, ուսումնասիրել, լուսանկարել և հեռացել:
Դպրոցի տնօրինությունը նոր շենքի կառուցման պահանջով նամակ-դիմումներ է գրել և Ախալքալաքի տեղական իշխանության ներկայացուցիչներին, և Կրթության և գիտության նախարարությանը, ներկայացնելով դպրոցի անմխիթար պայմանները:
«Մեր դպրոցում շատ ցուրտ է, խոնավ, սնկեր են աճում հատակին: Պատկերացրեք, այս օդին երեխաները դասի են նստում: Ոչինչ չունենք, մի գրադարան ունենք, որտեղ հազիվ գրքերն են տեղավորվում, սպորտ դահլիճ չունենք, միջոցառումների դահլիճ չունենք, ստիպված դասարանում ենք միջոցառում անում: Դպրոցում բացակայում է կենտրոնական ջեռուցումը, դասասենյակներում տեղադրված են փայտի համար նախատեսված վառարաններ: Զուգարանում ջուր չկա, հիգիենայի կանոնները պահպանված չեն, երեխան զուգարան է գնում, որտեղ ջուր չկա լվացվելու համար, սա լինելու բան չէ»,- ավելացրեց տնօրենը:
Դիլիսկան Ախալքալաքի շրջանի ամենամեծ գյուղն է, որը երկու դպրոց ունի, ընդհանուր երկու դպրոցում այսօրվա դրությամբ մոտ 350 աշակերտ է սովորում, մոտավոր 40 աշակերտ քաղաքի տարբեր դպրոցներ են հաճախում, ելնելով գյուղի դպրոցի անմխիթար վիճակից:
Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցում այսօրվա դրությամբ 210 աշակերտ է սովորում: Եվ երեխաները կրթություն են ստանում վտանգի սպառնալիքի պայմաններում:
Աղունիկ Այվազյան