Ախալքալաքի №3 հանրային դպրոցի շենքը դեռ 5 տարի էլ չկա ինչ կառուցվել է: Դպրոցում արդեն փչացել են դռները, ծռվել են խողովակները, տանիքը կաթում է և սևացել է ճակատամասը: Պատճառները պարզ չեն, կամ ցածր որակի նյութերի, կամ էլ եղանակային խիստ պայմանների հետևանքն է:
2012 թ.-ին Ախալքալաքում վրացական դպրոցի համար կառուցվեց նոր շենք: Նոր շենքը ուրախացրեց բոլորին,թե աշակերտներին և թե ուսուցիչներին, քանի որ մութ միջանցքների, փտած հատակների և փոքր դասարանների փոխարեն ի հայտ եկավ մի մեծ եռահարկ շենք խոշոր և լուսավոր դասասենյակներով, բոլոր հարմարություններով: Տեղացիները ուրախ էին, քանի որ քաղաքում հայտնվեց մի շինություն, որը տարբերվում է գոյություն ունեցողներից ճարտարապետությամբ և արտաքին ձևավորումով:
Վրացական դպրոցի շենքը բազմաֆունկցիոնալ է: Շենքի մի մասում գործում է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցը: Իսկ դպրոցի մարզադահլիճում իր պարապմունքներն է անցկացնում «Մուրջի» պարային համույթը:
Ըստ դպրոցի տնօրինության, շենքը 2012 թ.-ին կառուցել է «Խուրո» շինարարական ընկերությունը: Դպրոցը բաղկացած է երկու մասնաշենքերից, որոնց միջև չկա ընդհանուր պատ: Անցնելով դպրոցի հարկերով աչքի է ընկնում սալիկապատ հատակը ճաքերով, ճաքերի հետքեր կան նաև շատ պատերի վրա, որոշ տեղերում թափվել է գաջը, աստիճանների վրա տեղ տեղ պոկվել են քիվերը, ինչը ընկնելու վտանգ է առաջացնում:
Դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլին կարծում է, որ, որտեղ շատ երեխաներ կա, այնտեղ ամեն ինչ պետք է լինի ապահով և որակով: Ըստ նրա, շինարարությանը հետևում էին տեղացիները:
«Կան որոշ մանրամասներ որոնց ես դեմ եմ: Այս խողովակը ծուռ է, պլաստմասից է, սա այն խողովակն է, որով անցնում է սառը ջուրը, երկրորդը – որով անցնում է տաքը, հավանաբար սառը ջրի խողովակները մի քիչ ավելի էժան են, այդ պատճառով նրանք գնել են սառը ջրի խողովակը և այդ ամենը, ձեր դիմաց է », – ասաց Ախալքալաքի №3 հանրային դպրոցի տնօրենը:
Դպրոցի դռները դժվար են փակվում, քանի որ պատրաստված են փայտատաշեղային նյութից, ըստ տնօրենի ամառային շոգին դռները շերտավորվում և պոկվում են:
«Ահա մեր ամառային շոգը, որը տևում է մեկ ու կես կամ երկու ամիս, ոչնչացրել է դռները, քանի որ նրանք փայտից չեն պատրաստված, այլ փայտը փոխարինող նյութից: Այդ իսկ պատճառով, չեն կարող դիմակայել: Երրորդ հարկում այդ դռները արդեն բանի պետք չեն», – ասում է նա:
Նույն իրավիճակն է նաև ճակատամասի հատվածում, որը սևացել է տեղ տեղ և պոկվել:
«Նույնը ճակատամասի հետ, էքստերիերի (արտաքին): Շատ գեղեցիկ էր, բայց այնտեղ էլ ինչ որ բան է եղել: Փայտը, որով զարդարված էր ճակատամասը, կամ ամբողջությամբ չէր վերամշակված, կամ էլ չդիմակայեց մեր ձմռանը – սառնամանիքին և միևնույն ժամանակ շոգին: Այն պատճառով, որ ձմռանը շատ խիստ սառնամանիք էր, տանիքը չդիմակայեց շատ ձյանը և կաթում է», – ասում է Լելա Ճինճարաուլին:
Ըստ Լելա Ճինճարաուլիի խնդիրները և շինանյութի անորակությունը զգացվեցին դպրոցի շահագործման առաջին տարիներին:
«Ասել, որ մշակվել է առանց հաշվի առնելու եղանակային պայմանները, սխալ կլինի, բայց հակառակը պնդելը նույնպես սխալ է: Համաձայնագիրը ստորագրվել է նախարարության և շինարարական ընկերության միջև: Ես բացարձակապես ոչ մի տեղ ներկա չեմ եղել: Այն մասին, թե նրանք ինչի վրա են համաձայնվել, թե ինչ նյութի, այդ մասին ես տեղյակ չեմ: Ես երկու անգամ եղել եմ, բայց ես կին եմ, ինչ կարող եմ ես հասկանալ, սկզբից ոչինչ պարզ չէր: Հետո այս խողովակով անցավ տաք ջուրը, և պլաստմասը, որը նախատեսված է սառը ջրի համար սկսեց ծռվել: Առաջին, երկրորդ տարիներին ոչինչ, իսկ երրորդ տարին արդեն սկսվեցին դռները շերտավորվել, ես անհանգստանում եմ տանիքի համար, ճակատամասի, անհանգստանում եմ, քանի որ ջուրը կաթում է և փչացնում նաև դպրոցի ներսի մասը», – ասում է Լելա Ճինճարաուլին:
№3 հանրային դպրոցի շենքի կառուցման համար տենդեր-մրցույթը հայտարարվել էր 2011 թվականի ապրիլի 20-ին: Մրցույթին մասնակցում էին 5 ընկերություն: Տենդեր-մրցույթի նախնական գումարը կազմում էր 3 888 500.00 լարի, տենդերը հաղթեց «Խուրո» ընկերությունը 2 777 777.00 լարիով: Ընկերության տնօրեն Գիորգի Ռեխվիաշվիլին ասում է, որ գիտի, թե ինչ վիճակում է դպրոցը ներկա պահին:
«Պատճառն այն է, որ տանիքի դիզայնը ի սկզբանե սխալ էր արվել, այնտեղ չէր կարելի անել հողապատնեշ: Այստեղ ձմռանը շատ ձյուն կա, ձյունը հավաքվում է, հալվում և կաթում: Տանիքը պետք է փոխել: Ես պատվիրատուներին ասում էի նախագծի սխալների մասին: Կրթության նախարարությունն պետք է շտկի», – ասաց «Խուրո» ընկերության տնօրենը:
Շենքի խնդիրները գալիս են շինարարական նյութերի անհամապատասխանությունից, ինչպես նաև եղանակային պայմաններից: Կուղղվեն արդյո՞ք շինարարության սխալները՝ հարցը մնում է բաց:
Քրիստինե Մարաբյան