Ախալքալաքի երիտասարդական կենտրոնն այսօր մարդաշատ էր, հավաքվել էին ինչպես Ախալքալաքից, այնպես էլ Նինոծմինդայից: Կենտրոնում նշվեց Թարգմանչաց տոնը, որը նվիրված է սուրբ թարգմանիչներին և հայ գրերին:

aghjnak

Երիտասարդական կենտրոնի սաները ներկայացրին Թարգմանչաց օրվա խորհրդի մասին պատմությունը, անցկացվեց բաց դաս, երեխաները հանդես եկան տարբեր երաժշտական և պարային համարներով։

ahjikner

Միջոցառմանը ներկայացված էր երեխաների ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև նրանց կողմից ստեղծված ծառը, որը նրանք անվանել են «Այբբենածառ»։

aybenatsar

dzerqi ashxatanq

Հյուրերի շարքում էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա արժանապատիվ Տեր Նարեկ Տիգրանյանը, Սամցխե-Ջավախքի հայկական-հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը, պատմաբան, մանկավարժ Վաչագան Ռստակյանը, ուսուցիչներ, ծնողներ և այլոք։

hyurer

Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով։

ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանն իր երախտիքի խոսքը հայտնեց ներկաներին և կենտրոնի ուսուցիչներին։ Խոսեց օրվա կարևորության և կենտրոնի գործունեության մասին։

«Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը հիմնադրման օրից կանգնել է իր ակունքներին և առաքելությանը մոտիկ, այն է՝ հայկականը պահելուն, հայրենասիրական ոգի ներշնչելուն, հայ երեխային իր ինքնությունը ներկայացնող միջոցառումներով լեցուն, այո, ինքնությունը, որովհետև եթե հայ երեխան չիմացավ իր պատմությունը, չիմացավ իր գիրն ու գրականությունը, կրոնը, մշակույթը, երբեք հայ չի զգա։ Երիտասարդական կենտրոնը 2007 թվականից առ այսօր հաճախող հազարավոր երեխաները, վստահ եմ և կարող եմ հավաստել, որ դաստիարակվում են այդ ոգով և դա հաստատում են հետ դարձող մեր երիտասարդները, ովքեր արդեն ավարտած, մասնագետներ են, ասում են՝ երիտասարդական կենտրոնը դաստիարակում է, որը դպրոցը չի անում, հայկական ոգով, ստեղծագործ մտքի ճանաչման և վերհանման մի օջախ է»», – ասաց Կարինե Թադևոսյանը։

erexaner

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը նույնպես հանդես եկավ խոսքով, շնորհավորելով ներկաներին այս ազգային, եկեղեցական Սրբոց թարգմանչաց տոնի առթիվ։

Hayr Surb

«Անչափ տպավորված և ոգևորված եմ մանուկների շրթունքներից այսպիսի երգ և արտասանություն լսելով։ Սա այն եզակի տոներից մեկն է, որ բացի եկեղեցական լինելուց, ազգային է և եկեղեցու կողմից ընդգրկվել է եկեղեցական տոների տոնացույցի մեջ։ Իրավացի կերպով նշվեց նաև, որ շատ քիչ ազգեր կան, որ ազգային տոներ ունեն իրենց եկեղեցական տոնացույցի մեջ։ Որևէ ազգ, ժողովուրդ չկա, որ թարգմանչաց տոն ունենա։ Առաջին հերթին մենք այս տոնի միջոցով հիշում ենք մեր ոսկեդարի սուրբ թարգմանիչներին՝ Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ, հետո նաև երկրորդ ոսկե դարի թարգմանիչներին՝ Ներսես Շնորհալի և Գրիգոր Նարեկացի։ Այս տոնը նաև իր երկրորդ երեսն ունի: Աստվածաշնչի թարգամանության տոնն է նաև։ Աստված օրհնի բոլորին և շնորհները առատացնի», – ասաց Հոգեշնորրհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը։

ashxatanq

Հիշեցնենք, որ Սուրբ Թարգմանչաց տոնը (ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց), հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ Առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։

Հայերեն առաջին թարգմանական գրականությունը եղել է Աստվածաշունչը։ Ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը այն անվանել է «Թագուհի թարգմանչաց»։