Վրաստանի քաղաքացիներն այսօրվանից կարող են առանց մուտքի արտոնագրերի այցելել Եվրամիության երկրներ կարճատև այցերով՝ կենսաչափական անձնագրերով:
Առանց մուտքի արտոնագրի ռեժիմը ենթադրում է ազատ տեղաշարժ Շենգենյան տարածքով, որը ներառում է 22 անդամ, 4 ոչ անդամ և 4 թեկնածու երկիր: Ազատ մուտքի իրավունքը տարածվում է գործնականում բոլոր եվրոպական պետությունների վրա, բացառությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի: Վրաստանի բնակիչները կարող են ԵՄ երկրներում մնալ 90 օր (կես տարվա ընթացքում), մինչդեռ նրանք չեն կարող աշխատել միջպետական միավորման տարածքում:
Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի խախտողները կարտաքսվեն Վրաստան և կտուգանվեն 3000 եվրոյով, նրանց կարգելվի մուտքը ԵՄ 5 տարվա ընթացքում:
Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով նախարար Վիկտոր Դոլիձեն ԵՄ-Վրաստան համաձայնագրի ուժի մեջ մտնելու առիթով շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին:
«Մարտի 28-ը, առանց չափազանցության, կարող ենք Վրաստանի համար պատմական օր համարել։ Այսօրվանից մեր համաքաղաքացիները առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել Շենգենյան գոտու երկրներ: Սա ժողովրդավարության ու երկրի զարգացման համար նշանակալի քայլ է, կարևորագույն քաղաքական որորշում»,- հայտարարել է Դոլիձեն:
Ինչպես տեղեկացնում են Վրաստանի ԱԳՆ-ից, սահմանը հատելիս քաղաքացիները պետք է մի շարք հարցերի պատասխանեն, ինչպես նաև հետադարձ տոմսը ներկայացնեն, ապահովագրություն ունենան, օրական 50 եվրոյի հաշվարկով գումար ունենան և ամրագրում հյուրանոցում կամ հրավեր:
«Կարևոր է, որ Վրաստանի քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարողանան սահմանային անցակետում իրենց այցի նպատակը ներկայացնել և ասել, թե ուր են գնում, ինչու և երբ են վերադառնալու»,- ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն:
Մարտի 26-ին Վրաստանում հանդիսավոր միջոցառումներ անցացվեցին՝ նվիրված առանց վիզայի ռեժիմի ընդունմանը: Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում տեղի ունեցավ համերգ, կապույտ գույնով լուսավորվեցին շենքերը, հեռուստաաշտարակն ու Խաղաղության կամուրջը: