Կենսաթոշակների չափը 2019 թ.-ից 20 լարիով բարձրացման մասին հայտարարեց նորանշանակ վարչապետ Մամուկա Բախտաձեն, այն բանից հետո, երբ խորհրդարանը վստահություն հայտնեց նրան և իր կառավարությանը, սակայն այդ ծրագրի մասին անցած տարի խոսել էր նաև նախկին ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին:
Մամուկա Բախտաձեն հայտարարեց, որ 2019 թ.-ին կենսաթոշակը կբարձրանա 20 լարիով, իսկ 2020 թվականին ևս 20 լարիով: Նախկին ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին 2017 թվականի նոյեմբերին նույնպես հայտարարել էր կենսաթոշակների բարձրացման պլանների մասին:
«Մենք որոշում ընդունեցինք, որ 2019 թ-ին և 2020թ.-ին, ինդեքսավորման մեթոդով, կենսաթոշակը կավելանա 20-20 լարիով», – այն ժամանակ հայտարարել էր Կումսիշվիլին:
«2019 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակը կավելանա 20 լարիով (մոտ 8 դոլար), իսկ 2020 թ.-ի հունվարի 1-ից` ևս 20 լարիով, այսինքն, երկու տարվա ընթացքում կենսաթոշակը կավելանա 40 լարիով (մոտ 16 դոլար) », – լրագրողներին ասաց Բախտաձեն իր ծրագրի խորհրդարանի կողմից հաստատումից հետո:
«Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո թոշակներն ավելացել են երկու անգամ:
Առաջին անգամ կենսաթոշակն ավելացել է 2015 թվականի սեպտեմբերի 1-ին 10 լարիով և դարձել 160 լարի (մոտ 65 ԱՄՆ դոլարի այն ժամանակվա փոխարժեքով), երկրորդ անգամ` 2016 թվականի հուլիսի 1-ին:
Ներկա պահին Վրաստանում բազային կենսաթոշակը 180 լարի (մոտ 73.3 դոլար) է, իսկ բարձրլեռնային շրջաններում թոշակառուները ստանում են 216 լարի:
Շուշան Շիրինյան