Բարերարների նվիրատվության շնորհիվ կվերանորոգվի Արագվա գյուղի հանրակրթական դպրոցի մարզադահլիճը, ինչպես նաև կենտրոնացված ջեռուցման համակարգ կանցկացվի դպրոցում:

Արագվա գյուղի հանրային դպրոցը գործում է 1986 թվականից: Մինչ օրս դպրոցի մարզադահլիճում ոչ մի տեսակի վերանորոգում չի իրականացվել: Այն 11 մ լայնություն և 24 մ երկարություն ունի, ընդհարձակ, սակայն քարուքանդ այս դահլիճում երեխաները դասեր են անցկացնում և սպրոտային հաջողություններ գրանցում:

Մոսկվայաբնակ բարերար Նորիկ Սևիկյանը, տեղեկանալով մարզադահլիճի վիճակի մասին, միանգամից որոշել է այն վերանորոգել:

«Զանգեցի բարերարին, մեր նախկին աշակերտին, միանգամից համաձայնվեց, հաշվարկ արեցի և ուղարկեցի իրեն, գումարն արդեն գյուղում է, սպասում ենք եղանակը տաքանա, որ սկսենք աշխատանքները: Կբարեկարգվի մարզադահլիճի միայն հատակը, բաց է մնում միայն կտուրի հարցը, տեսնենք ինչ կլինի, պատրաստվում եմ ԿԳ նախարարությանը դիմել»,- ասաց դպրոցի տնօրեն Անդրեաս Աբդոյանը:

marzadahlij

Դպրոցը չունի սպորտային պարագաներ, վերջերս դպրոցի տնօրինությունը գնել է թենիսի սեղան, քանի որ աշակերտները հետաքրքված են թենիսով:

marzadahlij1

Տիպային այս կառույցում բացակայում է ընդհանուր ջեռուցման համակարգը: Տարիներ շարունակ աշակերտները դասի են նստում ծխի մեջ, քանի որ դասասենյակները փայտե վառարաններով են տաքացվում: Անդրեաս Աբդոյանը գոհունակությամբ է նշում, որ հաջորդ ձմռանը վերջապես հրաժեշտ են տալու վառարաններին և օդում կախված թանձր ծխին:

«Մոսկվայից հարսանիք էին եկել մեր գյուղ, եկան դպրոցը տեսան և որոշեցին, որ ընդհանուր ջեռուցումը առաջին և երկրորդ հարկերում իրենք կանցկացնեն: Ուզում են դպրոցին օգնել»,- նշեց Արագվայի հանրակրթական դպրոցի տնօրեն Անդրեաս Աբդոյանը:

arastax Մեծամասամբ գյուղերի դպրոցներում կարելի է ասել լավագույնս պահպանվում է ջեռուցման ավանդական եղանակը։ Թիթեղյա վառարաններ, վառելափայտ տարբեր տեսակի, քամու ժամանակ ծուխ, իսկ ընդհանրապես` վառելանյութի տհաճ հոտ:

Այս դպրոցում ուսուցումն ընթանում է առաջին և երկրորդ հարկերում, այդ իսկ պատճառով բարերարները որոշել են հենց այս երկու հարկերում անցկացնել ընդհանուր ջեռուցման համակարգ:

Թե Մարզադահլիճի բարեկարգման, և թե ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները կսկսվեն այն ժամանակ, երբ Վրաստանի Կրթության և գիտւթյան նախարարությունը համապատասխան թույլտվությամբ նամակ կուղարկի դպրոցին:

astijan

«Ջեռուցումը պետությունը խոստանում է, կարող է անի, բայց պետությունը շատ գործ է արել մեր դպրոցում, անցյալ տարի բոլոր պատուհանները փոխեց: Այս տարի էլ դպրոցի միջոցներով զուգարան ենք վերանորոգելու, նախարարությունն արդեն թույլատրել է»,- եզրափակեց Արագվայի հանրակրթական դպրոցի տնօրենը:

Ավելացնենք, որ այս պահին Արագվայի դպրոցը 103 աշակերտ ունի:

Աղունիկ Այվազյան