Ախալքալաքում «ACCESS» ծրագրի աշակերտների առաջին հոսքն ավարտեց իր աշխատանքը: Սկսվեց երկրորդ հոսքի հավաքագրումը:

Ախալքալաքի շրջանում ACCESS ծրագիրը սկսվեց երկու տարի առաջ: Ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից և իրականացվում է PH International կազմակերպության կողմից: Ծրագիրը նախատեսված է սոցիալապես անապահով ընտանիքների, 14-16 տարեկան, երեխաներին կրթելու համար: Սակայն, ուսուցիչների խոսքերով, եթե տեղեր մնում են, նրանք կարող են այլ ընտանիքներից նույնպես երեխաների ընդունել:

ang1

Ախալքալաքում երեխաների հետ զբաղվում են երկու ուսուցիչ՝ Մարինա Ղազարյանը և Անահիտ Նահատակյանը:

Դասընթացներն անցկացվում են շաբաթական երեք անգամ, երկու ժամ, որոնց ժամանակ երեխաները սովորում են անգլերեն, պատմություն, աշխարհագրություն, մշակույթ: Առաջին հոսքի մեջ կար 25 երեխա: Պարապմունքներն անցկացվում էին երկու խմբով և սկսվում են դպրոցի դասերից հետո: Ծրագրին մասնակցում էին ոչ միայն քաղաքի երեխաները, այլև գյուղերի:

«Ծրագիրը բազմակողմանի է: Բացի անգլերեն սովորելուց, մենք կազմակերպում ենք ուղևորություններ, հանդիպումներ, կամավորական ծրագրեր: Երեխաները ծանոթանում են Վրաստանում տեղի ունեցող երիտասարդական միջոցառումների հետ», – ասում է ուսուցչուհի Մարինա Արամովնան:

ang2

Ծրագրի յուրաքանչյուր հոսքը սովորում է 2 տարի: Առաջին հոսքի երեխաները ավարտեցին իրենց ուսուցումը: Սեպտեմբերի 23-ին կայացավ այդ երեխաների ուսումնական ծրագրի փակումը և նրանք որպես հիշատակ ստացան շապիկներ: Միևնույն ժամանակ, նույն օրը, կայացավ երկրորդ հոսքի երեխաների ընտրության առաջին փուլը: Ցանկացողները շատ էին: Նրանք լրացնում էին հարցաթերթիկը, որտեղ 20 հարց է: Հետո ուսուցիչները հարցազրույց կանցկացնեն և երկրորդ հոսքի համար կնտրեն 25 հոգի:

Սամվել Սիմոնյանը՝ Վաչյան գյուղից, նա, ինչպես ընտրության մեջ ընդգրկված մնացած երեխաները, ցանկանում է մասնակցել այս ծրագրին անգլերեն սովորելու համար:

ang3

Երկրորդ հոսքի դասընթացները կսկսվեն հոկտեմբերի 1-ին:

Շուշան Շիրինյան