Վրաստանում 3 օր անընդմեջ տարբեր տոնական միջոցառումներ կանցկացվեն ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի կարճատև ուղևորություններ կատարել Շենգեն գոտու ԵՄ երկրներ՝ զբոսաշրջության, հարազատներին այցելելու և բիզնես նպատակով:
«3 օր՝ մարտի 26-ին, 27-ին և 28-ին հատուկ միջոցառումներ կանցկացվեն: Այս իրադարձությունը երկիրը կտոնի նախատեսված տոնական միջոցառումներով»,- նշել է Կվիրիկաշվիլին:
Վրաստանի վարչապետը նաև տեղեկացրել է, որ մարտի 28-ին կմեկնի Աթենք և Բրյուսել ուսանողների հետ:
«Ես ուսանողների հետ կմեկնեմ Աթենք և Բրյուսել հատուկ միջոցառմամբ նշելու համար այս կարևորագույն իրադարձությունը, ինչպես նաև երախտագիտություն հայտնելու մեր գործընկերներին»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք, որ 2017թ.-ի փետրվարի 27-ին Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ որոշմանը, որով Վրաստանի քաղաքացիները կարող են ԵՄ մեկնել մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում: