Մենք դատապարտում ենք հուլիսի 5-ին Վրաստանում քաղաքացիական ակտիվիստների, համայնքի անդամների և լրագրողների վրա բռնի հարձակումները: Վրաստանի առաջնորդները և իրավապահները պարտավոր են պաշտպանել արտահայտվելու և հանրահավաքներ կազմակերպելու ազատության սահմանադրական իրավունքը և բերման ենթարկել բռնություն գործադրողներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Ըստ նրա, վրացիներն իրավունք ունեն արտահայտել իրենց տեսակետները նույնիսկ այն ժամանակ, երբ այդ տեսակետները համարվում են ոչ պոպուլյար կամ վիճելի:
«Վրացիները, ինչպես և աշխարհի բոլոր մարդիկ, իրավունք ունեն արտահայտելու իրենց տեսակետները, նույնիսկ եթե որոշակի համատեքստում նրանք կարող են համարվել ոչ պոպուլյար կամ վիճելի, և մենք հիշեցնում ենք Վրաստանի քաղաքական առաջնորդներին, իրավապահ մարմիններին և բոլոր կառույցներին իրենց պարտավորության մասին՝ պաշտպանել բոլորին, ովքեր իրագործում են իրենց սահմանադրական իրավունքները, պաշտպանել լրագրողներին, ովքեր իրագործում են իրենց մամուլի ազատության իրավունքը և հրապարակայնորեն դատապարտել բռնությունները», – հայտարարել է Նեդ Փրայսը:
Վերջինիս խոսքով, Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, այլ երկրների դեսպանությունների հետ միասին, համատեղ հայտարարություն է ստորագրել:
«Այնպես որ, այս կապակցությամբ իրենց կարծիքն են հայտնում ոչ միայն ԱՄՆ-ն, այլև մեր համախոհ գործընկերները», – նշել է Նեդ Փրայսը: