Ջավախքի շրջանավարտները հիմնականում ընտրում են Թբիլիսիի կամ Երևանի բուհերը, չնայած որոշ տարբերությունների, այնուամենայնիվ ուսանողական կյանքը տնից հեռու ունի իր դժվարությունները և հետաքրքրությունները: Այդ ամենի մասին պատմում են հենց ուսանողները:
Ջավախքի ուսանողների հոսքը այսօր բաժանվել է երկու հիմնական ուղղության։ Եթե մինչև 2010 թվականը ուսանողները հիմնականում Երևան էին գնում սովորելու, ապա Վրաստանում ազգային փոքրամասնությունների համար 4+1 համակարգի ընդունումից հետո, ուսանողները բաժանվեցին Թբիլիսի և Երևան նախընտրողների։
Արթուր Գեդելյանը 2010թ.-ից սովորում է Թբիլիսիում, հիմա նա մագիստրատուրայի ուսանող է: Նա գնալուց արդեն տիրապետում էր վրաց լեզվին, ինչն էլ որոշիչ եղավ նրա ընտրությամ համար։
«Լավ ծանոթ լինելով վրացական մշակույթին ինտեգրացիայի խնդիր չեմ ունեցել։ Ինչ վերաբերում է ուսանողների ֆինանսական վիճակին, ապա ասեմ, ուսանողը միշտ սոված է լինում։ Սովորելու տարիներին երեք սենյականոց բնակարանում որպես այդպիսին ապրող հինգ հոգի էինք գրանցված, բայց ապրում էինք 15 հոգով՝ քնելու գիշերվա ու առավոտվա հերթ էինք սահմանել, ով հասցնում էր առաջինը հասնել տեղաշորերին, նրա բախտը բերում էր»,- Թբիլիսիում ուսանողների կենցաղի մասին պատմեց Արթուրը։
Ջավախքցիները Երևանում ապրող ծանոթներ և բարեկամներ շատ ունեն, իսկ Թբիլիսիում հազարից մեկն է ունենում մշտական ապրող բարեկամ կամ ծանոթ։ Այս փաստի դրական և բացասական կողմերը ուղղակի կապ ունեն Թբիլիսիում ապրող ուսանողների հետ։ Արթուրը կես կատակ կես լուրջ ասում է, որ իրենց ուսանողական կացարանը Ջավախքում ապրող բարեկամների համար ծառայել է նաև որպես հյուրանոց, ռեստորան և ի վերջո որպես հիվանդանոց։ Գուցե զարմանալի թվա, սակայն այս երևույթն ունի նաև դրական կողմեր՝ այցելողները իրենց հետ սննդամթերք են տանում, որը ուսանողների համար իրոք սպասված ու հաճելի անակնկալ է։
Ուսանողության տարիներին սկսում ես գնահատել գումարի արժեքը ու յուրաքանչյուր ոք փորձում է այն տնտեսել իրեն հնարավոր տարբերակով։
«Սովորելու տարիներին գրքի փող չենք տվել, պատճենը ավելի էժան էր, որի համար էլ փող էինք հավաքում։ Հավաքողների մեջ ես միշտ կայի, ճիշտ է ումից հավաքում էինք, նրա համար մի քիչ թանկ էր ստացվում, բայց փոխարենը մերն անվճար էր լինում»,- ասաց Արթուրը։
Թբիլիսիում ուսանողներն ունեն հատուկ արտոնություներ՝ հատկապես հասարակական տրանսպորտից օգտվելու հարցում։
«Մեր ընդունվելու տարին Թբիլիսիում սկսվեցին ուսանողական զեղջերն ու արտոնությունները։ Ուսանողների հիմնական փոխադրամիջոցները մետրոն և ավտոբուսն են: Մետրոյում մեկ քարտով երեք հոգի էինք անցնում, ավտոբուսներում էլ հաճախ աշակերտ էինք ձևանում, քանի-որ աշակերտների համար անվճար էր երթևեկությունը, այդպիսով, կարելի է ասել, անվճար էինք երթևեկում»,- ուսանողների արտոնությունների մասին ասաց Արթուրը։
Չնայած գոյություն ունեցող ուսանողական արտոնություններին, այնուամենայնիվ ուսանողը մեկ ամսվա ընթացքում 300-800 լարի փող է ծախսում, որի հիմնական մասը բնակարանի վարձի, կոմունալ վճարումների և սննդի վրա է ծախսվում։
Երևանում սովորող ուսանողները լեզվի իմացության խնդիր չունեն, ինչն էլ նպաստում է նրանց ինտեգրացմանը։ Մեկ ամսվա ընթացքում ուսանողը ընտելանում է շրջապատին, ուսանողական կյանքին և ի վերջո, ինչու ոչ քաղաքին։
Ջավախքում ավարտականները երկար են մտածում թե ուր գնան սովորելու՝ Երևան թե Թբիլիսի։ Նրանց որոշումները բխում են իրենց հնարավորություններից, ցանկություններից և գոյություն ունեցող առավելությունների ու թերությունների համեմատությունից։
«Թե ինչու որոշեցի սովորել Երևանում, այլ ոչ Թբիլիսիում, որտեղ անվճար սովորելու հնարավորությունն ավելի մեծ էր, ես կպատասխանեմ մի մեջբերումով՝ «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները»»,- մեզ հետ զրույցում ասաց Սեդրակ Մուրադյանը, ով մի տարի է ինչ սովորում է Երևանում։
Սեդրակը, ունենալով ռուսական կրթություն, նախընտրել է սովորել Հայաստանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում: Հիմնական դժվարությունը, որը նրան անհանգստացնում է՝ հայոց լեզվին կատարյալ տիրապետելու խնդիրն է, որը նա հաղթահարում է պարապմունքների արդյունքում։
«Ասեմ, որ ուսանող լինելը մեծ պատասխանատվություն է յուրաքանչյուր անձի համար։ Տարբեր են մարդկանց տեսակետները և ըստ իս յուրաքանչյուր մարդ պետք է զգա ուսանողական կյանքի համը, որը մեկ այլ՝ տարբերվող և հաճելի կյանք է։ Տնից հեռու ուսանողը սովորում է անել այն, ինչը մինչև ուսանող դառնալը արել են նրա ծնողները, այս ամենը ես իմ սեփական մաշկի վրա եմ զգացել։ Վստահաբար կարող եմ ասել, որ հենց սկզբից էլ ուսանողը հանդիպում է բազում խնդիրների՝ տարբեր բնագավառներում, որոնք նրան ավելի են ուժեղացնում և ինքնուրույն դարձնում», – պատմում է Սեդրակը։
Ինչ վերաբերվում է ուսանողի ֆինանսական ծախսերին, ապա նա հստակ չի նշում, թե որքան է ծախսում ուսանողը, ասելով, որ մարդ իր գրպանից ելնելով է օգտագործում գումարը:
Երևանում ի տարբերություն Թբիլիսիին հստակ սահմանված արտոնություններ չկան, միայն թե այնտեղ ուսանողը կարող է նաև զուգահեռ աշխատել, ինչը Թբիլիսիում բավականին դժվար է, ելնելով վրաց լեզվին տիրապետելու խնդրից։
Ուսանողների ամենաչսիրած ժամանակահատվածը նախաքննական շրջանն է, իսկ առհասարակ ուսանողական կյանքը անկախ նրանից, թե որտեղ է գտնվում ուսանողը, ուրախ, հետաքրքիր ու արկածային է լինում։
Ջուլիետա Տոնականյան