
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ գյուղում մանկապարտեզ չկա։ Այստեղ նախադպրոցական տարիքի երեխաների անբաժան «ընկերը» հեռախոսն է։
Խավեթում ապրում է 50 ընտանիք, մոտ 300 մարդ։ Գյուղը հեռու է շրջկենտրոնից և շատ բանից զրկված․գյուղում չկա մանկապարտեզ, մանկական խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ և այլն։ Խավեթցիները ցանկանում են, որ իրենց երեխաները ևս կարողանան օգտվել նախադպրոցական կրթության իրավունքից։ Իշխանություններից խնդրում են, որ Խավեթում մանկապարտեզ կառուցեն։
«Ես ունեմ 3 երեխա, իմ երեխաները չեն հաճախում մանկապարտեզ։ Իմ երեխաները զրկված են նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից։ Մանկապարտեզի բացակայությունը շատ է ազդում երեխաների զարգացման վրա։ Ինչու մյուս գյուղերում գործում է մանկապարտեզ, իսկ մեր գյուղում չկա, շատ ցավալի է այս խնդրի մասին խոսելը», – ասաց երեք մանկահասակ երեխաների հայր Խավեթ գյուղի բնակիչ Սամվել Մկրտչյանը։
Խավեթում վստահ են, որ իրենց գյուղից արտագաղթի գլխավոր գորոններից մեկը հենց մանկապարտեզի բացակայությունն է։
«Երկար ժամանակ է մանկապարտեզի խնդիր կա մեր գյուղում, ինչն ազդում է արտագաղթի վրա։ Եթե գյուղում լինեն անհրաժեշտ տարրական պայմաններն ապրելու համար մարդիկ չեն լքի իրենց հայրենի բնօրրանը։ Ճանապարհի խնդիր ունեինք, որն արդեն լուծված է, եթե մանկապարտեզի և ամբուլատորիայի հարցը լուծվի, իմ կարծիքով, արտագաղթի ցուցանիշները կտրուկ կնվազեն», – ասաց Խավեթ գյուղի բնակիչներից մեկը։
Jnews-ը կապ հաստատեց Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի հետ։ Նրա խոսքով, մանկապարտեզների կառուցումը իրենց իրավասության տակ չի գտնվում, դա վերաբերում է քաղաքապետարանին։ Իսկ ինչ վերաբերում Խավեթից նախադպրոցական տարիքի երեխաների տեղափոխմանը մոտակա գյուղերի մանկապարտեզ, վերջինս նշեց․
«Ներկա պահին Խավեթին ամենամոտ գյուղ Սուլդան է, որտեղ գործում է մանկապարտեզ, բայց այնտեղ էլ տեղ չկա, 5 գյուղից Սուլդա են տանում»,- ասաց Անահիտ Ասատուրյանը։
Ախալքալաքի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայությունից տեղեկացանք, որ այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում նոր մանկապարտեզի շինարարաություն նախատեսված չէ։
«Այս տարի ծրագիր չունենք նոր մանկապարտեզ կառուցելու, ոչ միայն Խավեթ գյուղում, այլև ամբողջ մունիցիպալիտետում նոր մանկապարտեզի կառուցում չունենք պլանավորած, բայց որոշ մանկապարտեզներում վերանորոգման աշատանքներ կիրականացվեն», – ասաց Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։