Կարճ դադարից հետո ԱՄՆ-ը կրկին սկսել է զենք մատակարարել Ուկրաինա։ Կիևին օգնության վերսկսումը տեղի է ունեցել փետրվարի սկզբին, Reuters-ին հայտնել են խնդրին ծանոթ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու նախնական գաղափարից։ Սակայն Սպիտակ տան աշխատակիցները տարաձայնություններ ունեն այն հարցում, թե որքանով պետք է ռազմական օգնություն տրամադրվի ամերիկյան պահուստներից, նշել է գործակալության զրուցակիցներից մեկը։
Թրամփը սառեցրել է զենքի մատակարարումները Կիև այն հրամանագրով, որով դադարեցնում է ԱՄՆ օգնությունը այլ երկրներին 90 օրով, The Washington Post-ին հայտնել է Կոնգրեսի աղբյուրը։ Պետդեպարտամենտը նշել է, որ հրամանագիրը հիմնականում վերաբերում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), որը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ուղարկել Ուկրաինա՝ որպես կառավարության բյուջետային աջակցության մաս, մարդասիրական օգնության և զարգացման աջակցության նպատակով: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը չի ենթարկվում Թրամփի հրամանագրով սահմանված սահմանափակումներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես նշել է, որ Թրամփի հրամանը չի տարածվում ռազմական աջակցության վրա և ազդում է միայն մարդասիրական ծրագրերի վրա։ Սակայն, ինչպես գրել է Reuters-ը, պարզ չէ, թե արդյոք Թրամփի վարչակազմը պաշտոնապես կճանաչի Ուկրաինա զենքի մատակարարումների կասեցումը և հետագա վերսկսումը։
Պետդեպարտամենտի տվյալներով՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից մինչև 2025թ. ԱՄՆ-ը Կիևին տրամադրել է 66 մլրդ դոլարի ռազմական օգնություն, իսկ 2014-ից՝ գրեթե 70 մլրդ դոլար։ Զելենսկին այն գումարը, որով Ուկրաինան զենք է ստացել, գնահատել է մոտ 76 մլրդ դոլար։ Թրամփն իր հերթին հայտնել է 200 մլրդ դոլարի զենքի տրամադրման մասին։ Նա նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է համաձայնագիր կնքել Ուկրաինայի իշխանությունների հետ, որով Կիևը կստանա ամերիկյան օգնություն՝ հազվագյուտ հողերի մետաղների դիմաց։