Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հուբերտ Քնիրշի հետ: Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` կողմերը խոսել են Գերմանիայում ժամանակավոր օրինական աշխատանքի հնարավորությունների մասին:
Նրանց խոսքով, Վրաստանի քաղաքացիները երեք ամիս կկարողանան ժամանակավոր օրինական աշխատանք ունենալ Գերմանիայի աշխատաշուկայում:
«Սեզոնային աշխատանքները Գերմանիայում կսկսվեն ապրիլի 1-ից: Գրանցումը հասանելի է փետրվարի 15-ից և կտևի ամբողջ տարվա ընթացքում: Աշխատանքը հնարավոր կլինի Գյուղատնտեսության ոլորտում: Աշխատանք փնտրողն առաջին անգամ գրանցվելու է գրանցման հատուկ պորտալում` http://workabroad.gov.ge/:
Սեզոնային աշխատանքի դիմողները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
• Պետք է լինի Վրաստանի քաղաքացի
• Տարիքը՝ 18-ից 60 տարեկան
• Նախքան Գերմանիա մեկնելը, երեք ամիս չի մեկնել Շենգենյան գոտի
• Ֆիզիկապես առողջ է
• Աշխատանքային փորձ ունի բերքահավաքում և մոտիվացված է
• Որևէ պատճառի (խախտման) բացակայություն, որը սահմանափակում է երկիր մուտք գործելը:
• Գերմաներենի կամ անգլերենի տարրական հաղորդակցման հմտություններ (խմբային աշխատանքի դեպքում անհրաժեշտ է, որ առնվազն մեկ անդամ պետք է կարողանա հաղորդակցվել գերմաներեն կամ անգլերեն լեզուներով): Լեզվի հմտությունների պահանջը որոշում է գործատուն», – պարզաբանել են Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունում:
Նրանց հաղորդմամբ, սեզոնային աշխատատեղերում զբաղվածություն նշանակում է տարբեր սեզոնային բերքահավաք:
«Զբաղվածության տևողությունը մեկից երեք ամիս է. Աշխատանքային օրերը՝ շաբաթական հինգից վեց օր, օրը` ութից տասը ժամ: Նվազագույն աշխատավարձը` ժամում 9.50 եվրո (հաշվեգրված), որտեղից հանվում են հարկերը, սննդի և բնակության ծախսերը:
Գրանցվելուց հետո, Զբաղվածության խթանման պետական գործակալության աշխատակիցները, որոշակի թափուր աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում, կապվում են աշխատանք փնտրողների հետ: Սպասարկման կենտրոն ժամանելիս դիմողը պետք է ունենա էլեկտրոնային ID քարտ և (կամ) Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիր:
Կոնկրետ աշխատատեղի համար աշխատել ցանկացողների մասին տվյալները փոխանցվում են գերմանացի գործատուին: Զբաղվածության վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է գերմանացի գործատուն: Որոշումը հաղորդվում է յուրաքանչյուր դիմողին: Գերմանացի գործատուի դրական որոշման դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիր է ուղարկում աշխատանք սկսելու ցանկություն ունեցողին, որը կողմերի միջև կստորագրվի մինչ Գերմանիա մեկնելը:
Նրանց խոսքով, աշխատանք փնտրող անձանց զբաղվածության հետ կապված ծառայությունները լիովին անվճար են: