Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Ինալ Արձինբան և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «երկքաղաքացիության հարցերի կարգավորման մասին» համաձայնագիր են ստորագրել:
Նշվում է՝ մոտ ժամանակներս կգործարկվի մեխանիզմ, որը կօգնի «Աբխազիայի քաղաքացիներին» ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն:
Բացի այդ, այն անձինք, ովքեր ունեցել են այսպես կոչված Աբխազիայի քաղաքացիություն մինչև 2008 թվականի օգոստոսի 26-ը, հնարավոր կունենան երկքաղաքացիություն ստանալ:
Հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը անվերապահ աջակցություն է հայտնում Աբխազիային՝ «պետական ինքնիշխանության ամրապնդման գործում» և շնորհակալություն է հայտնել Աբխազիայի ներկայացուցիչներին ուկրաինական հարցի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման համար։
Նշենք, որ ավելի վաղ Արձինբան պարզաբանել էր, որ համաձայնագիրը չի նախատեսում ռուսների համար «աբխազական քաղաքացիության» պարզեցված ձեռքբերում։
«Մենք զորահավաք չունենք. Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ 2014 թվականից աբխազ կամավորները զենք են վերցրել և պաշտպանում են Դոնբասի ազատությունը, և նրանց թիվը գնալով ավելանում է։ Իմ կարծիքով, սա կարևոր է նշել, ցավոք, կան զոհեր»,- ասել է Արձինբան։
2008 թվականին՝ Վրաստանի հետ պատերազմից հետո, Ռուսաստանի կառավարությունն անկախ պետություններ է ճանաչել երկրի երկու շրջանները՝ Աբխազիան և Ցխինվալը։ Սա Վրաստանի տարածքի գրեթե 20 տոկոսն է։
Վրաստանի կառավարությունն էլ իր հերթին Աբխազիան և Ցխինվալի շրջանը պաշտոնապես հայտարարել է օկուպացված տարածքներ։
Այս ինքնահռչակ պետությունների անկախությունը ներկայումս ճանաչում են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Սիրիան և Նաուրուն։ Միջազգային հանրության մնացած հատվածը Աբխազիան և Ցխինվալի շրջանը համարում են Վրաստանի մաս։