Ինչպես և ամենուր, Վրաստանում նույնպես COVID-19-ի տարածման պատճառով մունիցիպալ հաստատությունների մեծ մասը չէին աշխատում, ինչը նշանակում է, որ նրանք 10 ամիս եկամուտ չունեին, բայց նրանցից շատերը մինչ այդ էլ հիմնականում աշխատում էին սուբսիդիաներով:
Ախալքալաքի մունիցիպալ բյուջեում այս տարի 2 մլն. 863 320 լարի է հատկացվել մունիցիպալ հաստատությունների գործունեության համար: Այս հաստատություններից 8-ում բյուջեն կրճատվել է, միայն մեկի դեպքում է մնացել նույնը, իսկ 3 հաստատություններում ավելացել է: Այս հաստատություններից շատերը իրենց գոյությունը պահպանում են Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից տրվող սուբսիդիաների շնորհիվ, քանի որ դրանցից որոշ կառույցներ չունեն իրենց սեփական և ոչ մի եկամուտ, իսկ մյուս մասի եկամուտն այնքան չնչին է, որ նույնիսկ չի ծածկում ծախսերի 2 տոկոսը: Օրինակ. 2019 թ.-ին այս հաստատություններից ստացված եկամուտը 46 700 լարի է կազմել, իսկ 2020 թ.-ի բյուջեի սուբսիդիաները՝ 2 մլն. 785 660 լարի: Այս թվերը ցուցանշական են, քանի որ՝
Մանկապարտեզների միավորումն այս տարի ավելի շատ ֆինանսավորում կստանա, չնայած այն ամբողջությամբ սուբսիդավորում է տեղական բյուջեից, Վրաստանում մանկապարտեզներն անվճար են, ուստի եկամուտ չունեն: Անցյալ տարի բյուջեից 1 մլն 366 645 լարի էր հատկացվել Մանկապարտեզների միավորման համար, այս տարի գումարը ավելացել է՝ հասնելով 1 մլն 600 հազար լարիի, ինչպես պարզաբանում են քաղաքապետարանի ֆինանսական ծառայությունից, գումարի ավելացումը պայմանավորված է մունիցիպալիտետում նախադպրոցական հաստատությունների թվի աճով:
Ախալքալաքի մարզադպրոցը նույնպես բյուջեից ամբողջապես կախված հաստատություն է, որի պահպանման ծախսը բյուջեում նախորդ տարի կազմել է 192 000 լարի, այս տարի գումարը նվազել է և կազմում է 175 000 լարի: Գումարի կրճատումը չի ազդի մարզադպրոցի աշխատակիցների աշխատավարձերի վրա:
Ախալքալաքի շախմատի դպրոցը նույնպես չունի սեփական եկամուտ, նախորդ տարի դպրոցը ֆինանսավորվել էր 48 685 լարիով, այս տարի գումարը նվազել է և կազմում է 38 480 լարի:
Մեկ այլ մարզական հաստատություն` Ախալքալաքի մարզահամալիրը, ամբողջությամբ ֆինանսավորվում է բյուջեից: 2020 թ-ին մարզահամալիրի սուբսիդավորման չափը 205 000 լարի է կազմել, այս տարի այն նվազել է 25 000 լարիով և կազմում է 180 000 լարի:
Լողավազանը գրեթե մեկ տարի է չի գործում, սկզբնական շրջանում այն չէր աշխատում տեխնիկական պատճառներով, իսկ հետո` համավարակի: 2019 թ.-ին այս հաստատության եկամուտը 10 000 լարի էր, իսկ ծախսերը տասնյակ անգամ ավելին էին: 2020 թ.-ին լողավազանի շահագործման համար հատկացվել էր 177 000 լարի, 2021 թ.-ին գումարը նվազել է 93 000-ով:
Գրադարանների միավորում. Շատ գյուղերում գրադարաններ կան, բայց դրանց մեծ մասը սարսափելի վիճակում է: Քչերն են այցելում այդ գրադարաններ, դա ոչ միայն պատշաճ պայմանների բացակայության պատճառով է, այլ նաև գրքերի սակավաթիվ ցանկի պատճառով: Գրադարանների միավորումը նույնպես չունի իր սեփական եկամուտը, 2020 թ.-ի սուբսիդիան կազմել է 95 000 լարի, իսկ այս տարի գումարը մի փոքր պակաս է` 93 450 լարի:
Ակումբների միավորում. Ախալքալաքի մունիցիպալիտետի ակումբները նույն վիճակում են, ինչպիսի վիճակում գտնվում են գրադարանները: Ախալքալաքի Մշակույթի տունը նույնպես սարսափելի վիճակում է, որտեղ անցյալ տարի ոչ մի մշակութային իրադարձություն տեղի չէր ունեցել: Ակումբների միավորման եկամուտը կազմում է ընդամենը 8000 լարի, չնայած սուբսիդիան կազմում էր 159 000 լարի: Այս տարի սուբսիդիան կազմում է 152 000 լարի, ինչը 7000-ով պակաս է:
Ախալքալաքի երաժշտական դպրոցը 2019 թ.-ին հաստատությունների շրջանում ուներ ամենաբարձր եկամուտը` 20 000 լարի: Երաժշտական դպրոցի ծախսերը 2020 թվականին կազմել էին 130 000 լարի: Անցյալ տարի երաժշտական դպրոցն ընդհանրապես եկամուտ չուներ, ուստի 2021 թվականին մունիցիպալ բյուջեն դպրոցն ամբողջությամբ սուբսիդավորելու է, ինչը կազմում է 138 000 լարի:
Գեղարվեստի դպրոցը 2019 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջե է մուտքագրել 2000 լարի: Գեղարվեստի դպրոցը սուբսիդիան ստացել է 2020 թ.-ին՝ 55 000 լարիի չափով, այսինքն՝ ավելի քան 53 000 լարի եկամուտ: 2021 թվականին սուբսիդիան ավելացել է 2000 լարիով և կազմում է 57 000 լարի:
Գավառագիտական թանգարանը տարեկան ստանում էր 500 լարի, թանգարանի պահպանման համար սուբսիդիան 2020 թվականին կազմել է 51 000 լարի: 2021 թ.-ին սուբսիդիան կրճատվել է, կազմելով՝ 41 590 լարի:
Աշուղական դպրոցը 2019 թ.-ին ուներ 6000 լարի եկամուտ, սուբսիդիան կազմում էր 22 000 լարի, այս տարի բյուջեով նույնքան սուբսիդավորում է հատկացվել:
Ապագայի տունը չունի սեփական եկամուտը, սուբսիդավորումը 2020 թ.-ին կազմել էր 227 000 լարի, այս տարի այն կրճատվել է, կազմելով՝ 222 800 լարի:
Չնայած այն հանգամանքին, որ մունիցիպալ կառույցներն այս պահի դրությամբ չեն աշխատում, և պարզ չէ, թե երբ կկարողանան սովորական ռեժիմով աշխատել, աշխատակիցները ստանում են աշխատավարձ: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում հաջողվել է գումար խնայել:
«Այս տարի եկամուտ չկա, չնայած մենք առանց այդ էլ սուբսիդավորում էինք, սեփական եկամուտն ինչ-որ մաս էր կազմում: Թեև կորոնավիրուսի պատճառով սեփական եկամուտ չկա, ուստի ստիպված ենք ավելի շատ սուբսիդիաներ հատկացնել: Օրինակ, լողավազանի համար շատ մեծ գումար է ծախսվում գազի վրա, ամեն ամիս դրա վրա ծախսվում է 14-17 000 լարի: Եվ հիմա, քանի որ այն չի գործում, բնականաբար, գազի համար գումարը պահվում է: Որտեղ գումարը պակաս է, դա նշանակում է, որ ջեռուցման ֆինանսավորումը կրճատվել է, քանի որ այլ բան մենք չենք կարող կրճատել: Բնականաբար, մենք իրավունք չունենք, օրինակ, կրճատել աշխատավարձերը: Մանկապարտեզների դեպքում գումարն ավելի մեծ է, քանի որ ավելացել են մանկապարտեզներ, բայց մյուս դեպքերում սկզբունքը նույնն է», – ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության ղեկավար Մկրտիչ Մղդեսյանը:
Համավարակի պայմաններում հասկանալի չէ, թե երբ կկարողանան աշխատել մունիցիպալ հաստատությունները, աշխատելու ընթացքում էլ դրանք եկամուտ չեն բերում: Հնարավո՞ր է օպտիմալացնել տվյալ հաստատությունների աշխատանքը, ամենայն հավանականությամբ, այդ մասին ոչ ոք չի էլ մտածում:
Քրիստինե Մարաբյան