Այսօր՝ հունվարի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում կայացավ հանձնաժողովների, 2025 թվականի, առաջին համատեղ նիստը։ Հանձնաժողովի նիստում քննարկվեց հինգ հարց: Պատգամավորները քննարկեցին և որոշեցին բոլոր հարցերն ուղարկել բյուրոյի և Ժողովի հետագա քննարկման, որոնց նիստերը կգումարվեն վաղը՝ հունվարի 30-ին:

Սրանք 2025 թվականի բյուջեի առաջին փոփոխություններն են։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության պետ Կարեն Մերգելյանը պատգամավորներին ներկայացրեց պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերի փոխադրվող գումարը՝ 332 048.37 լարի, և տեղական բյուջեից ֆինանասավորվող ծրագրերի փոխադրվող գումարը՝ 6 539 647.03 լարի։ Նպատակային պետական փոխանցում Ախալքալաքի Հանրային Առողջապահության Կենտրոնի (ՀԱԿ) համար՝ 20 700 լարի։

Կարեն Մերգելյանը ներկայացրեց նաեւ «Օգնություն գյուղին» ծրագրի (ՕԳԾ) գումարը, որը կազմում է 922 000 լարի, ու որն արդեն քանի տարի անընդմեջ չի փոխվում։ Պատգամավորները քննարկեցին նաև ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք 2025 թվականին Տարածաշրջանային հիմնադրամի ֆինանսավորմամբ կիրականացվեն մունիցիպալիտետում։ Այս աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 6 747 204 լարի, որից 6 409 841 լարին հատկացվում է պետության կողմից, իսկ 337 363 լարին՝ տեղական բյուջեի։

15 հազար լարի է հատկացվել մունիցիպալիտետի հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների տեխսպասարկման համար, իսկ 40000 լարի՝ Ախալքալաքի մունիցիպալիտետին պատկանող շենքերում գազ, էլեկտրական հոսանք և ջրախողովակ անցկացնելու համար։

Կարեն Մերգելյանը բարձրաձայնեց «Վարչական աշխատողի մասին» որոշումը, որի համաձայն սակրեբուլոյի ապարատի ղեկավարի պաշտոնը դառնում է պայմանագրային հիմունքներով։

Քաղաքապետարանի ֆինանսական ծառայության ղեկավարը ներկայացրեց նաև սակրեբուլոյի անդամի գործունեության ծախսերի փոխհատուցման փոփոխությունները։ Պատգամավորներին կատարվող ծախսերի համար հատկացվող գումարն ավելանում է, սակայն չասվեց թե կոնկրետ քանի տոկոսով է ավելանում, որովհետև դեռ որոշված չէ։ Մերգելյանի խոսքով, գումարը կավելանա մոտ 10 տոկոսով։ Հիշեցնենք, որ մինչ այժմ պատգամավորների ծախսերի համար հատկացվող գումարը 820 լարի էր։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը պատգամավորներին ներկայացրեց մունիցիպալ օբյեկտներ, որոնք հետագայում աճուրդի են հանվելու։ Նախատեսվում է աճուրդի հանել երեք հողատարածք։

Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական բաժինն այս տարի նոր ծրագիր է ներդնում։ Քաղաքապետարանին առընթեր Առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի ղեկավար Անահիտ Յորդանյանը ներկայացրեց «Անձնական օգնականի ծառայություն» ծրագիրը։ Այս ծրագրի համաձայն սահմանափակ կարողություն ունեցող անձը կարող է ունենալ անձնական օգնական։ Ծրագիրն իրականացվելու է ոչ թե տեղական բյուջեի միջոցներով, այլ նպատակային մուտքերով։ Անահիտ Յորդանյանի խոսքով, ծրագիրը կիրականացնեն այն ընկերությունները, որոնք ունեն որակավորված, հավաստագրված աշխատակիցներ։ Ախալքալաքի մունիցիպալիտետում, ըստ Անահիտ Յորդանյանի, կա մոտ 10 շահառու, ովքեր օգնականի ծառայությունների կարիք ունեն։