
Տարբեր բենզալցակայաններում վառելիքի գները տարբեր են: Jnews-ը Ախալքալաքում փոքրիկ ուսումնասիրություն անցկացրեց պարզելու համար, թանկացել է արդյո՞ք, և ի՞նչ արժե մեկ լիտր վառելիքը տարբեր բենզալցակայաններում։
Մեկ ամսվա ընթացքում 5 թեթրի թանկացել է բենզինը, իսկ 10 թեթրի թանկացել է դիզելը։
Վառելիքի գների աճն անդրադառնում է նաև տրանսպորտի փոխադրման գների վրա։
Jnews-ը զրուցել է տաքսու վարորդների հետ պարզելու համար արդյոք կա ուղեվարձի փոփոխություններ։
«Մենք ներկա պահին չենք պատրաստվում գները թանկացնել ելնելով մեր ժողովրդի պայմաններից», – ասաց տաքսու վարորդներից մեկը, ով խուսափեց նշել անուն ազգանունը։
Լյովա Հակոբյանն Ախալքալաքում տաքսի է վարում։ Չնայած վառելիքի գնաճին գտնում է, որ տաքսու վարորդները պետք է մտնեն ժողովրդի դրության մեջ և փոխադրման գները չբարձրացնեն։
«Ներկա պահին թանկացումների մասին խոսք նույնիսկ չի կարող գնալ։ Ճիշտ է վառելիքը թանկացել է, բայց կարելի է ժողովրդի մասին էլ մի փոքր մտածել», – ասաց նա։
Գյուղացիները նույնպես մտահոգ են, արդեն մոտենում է գյուղատնտեսական աշխատանքների սկիզբը, իսկ վառելիքի գները շարունակում են աճել։
«Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար գյուղացուն անհրաժեշտ է վառելիք։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես արդեն նկատվում է թանկացումներ։ Մինչև գյուղատնտեսական աշխատաքների մեկնարկը հնարավոր է նորից թանկացումներ լինեն։ Գյուղացին ստիպված պետք է վառելիք գնի, որպեսզի կարողանա գյուղատնտեսական աշխատաքներ իրականացնել», – ասաց Արտյուշ Մարուքյանը։