Երեկ, ժամը 15:00-ից Վրաստանում գործատուներն ու աշխատակիցները համընդհանուր նախազգուշական գործադուլ են արել։ Ախալքալաքում արշավին միացել են դեղատների ցանցերից մեկի մասնաճյուղը, անհատ և Ջավախքի լրատվական կենտրոնը:
Նախապես հայտարարված գործադուլի նպատակն էր հասարակությանը ցույց տալ, թե ինչ է սպասվում Վրաստանին մեկուսացման պայմաններում։ Գործադուլի հիմնական պահանջներն են՝ նոր ընտրություններ և բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածների ազատ արձակում։ Գործադուլին միացել է ավելի քան 500 կազմակերպություն տարբեր ոլորտներից՝ ներառյալ հյուրանոցներ, խանութներ, բիզնես կենտրոններ, լրատվամիջոցներ, էսթետիկ կենտրոններ, դեղատներ և այլն։ Գործադուլը տևել է 3 ժամ։
Jnews-ի դիտարկումների համաձայն՝ Ախալքալաքում գործադուլին միացել են միայն PSP դեղատների ցանցի աշխատակիցները և մեկ մասնավոր անձ, Ջավախքի լրատվական կենտրոնը նույնպես դադարեցրել է իր գործունեությունը՝ պահանջելով արդարություն, արդարադատություն և բռնության դադարեցում։
Նշենք, որ Ախալքալաքում գործում են հետևյալ ընկերությունները՝ «Spar» խանութների ցանցը, «TBC Bank», «Pharmadepot» դեղատների ցանցը, «Aversi» դեղատների ցանցը, «Bank of Georgia», «Liberty Bank», «Magniti» խանութների ցանցը, «Սուփթա Սախլի» և այլն։ Այնուամենայնիվ, բոլոր տեղական սպասարկման կենտրոններն ու մասնաճյուղերը գործել են սովորական ռեժիմով, ինչպես նաև մասնավոր ձեռնարկություններն ու խանութները: Ախալքալաքն այն մունիցիպալիտետներից է, որը պահպանում է քաղաքական չեզոքություն և քաղաքացիական պասիվություն։