Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի լիագումար նիստում որոշում է կայացվել Գումբուրդո (Կումուրդո) գյուղի դպրոց տանող փողոցը կոչել Շուշանիկ Մղդեսյանի անունով, որի ընտանիքը նախաձեռնել և կազմակերպել է գյուղի նոր դպրոցի շենքի կառուցումը:

Գումբուրդո գյուղում, մինչև 2018 թվականը, ավելի քան 20 տարի դասապրոցեսն անցկացվում էր նախկին ակումբի շենքում: Ծնունդով Ջավախքից հինգ բարերարներ միավորվել և որոշել են համատեղ ուժերով կառուցել Գումբուրդոյի նոր դպրոցի շենքը, շինարարությունը նախաձեռնվել և մասամբ ֆինանսավորվել է Մղդեսյանների ընտանիքի կողմից: Դպրոցի տարածքը զբաղեցնում է 1700 ք/մ տարածք:

1997 թ.-ին Գումբուրդո գյուղի դպրոցում հրդեհ էր բռնկվել և այն այրվել էր: Այդ ժամանակվանից մինչ նոր դպրոցի շենքի բացումը դասապրոցեսն անցկացվում էր վթարային շենքում: Նոր շենքի բացումը տեղի էր ունեցել 2018 թվականի հունվարի 16-ին: