Ջավախքը հարուստ է տաղանդներով, սակայն հասարակությունն ու միջավայրը նպաստավոր չեն նրանց բացահայտման և զարգացման համար: Մշակույթի ոլորտում տաղանդավոր ջավախքցիները հաճախ առաջ են գնում ու հայտնի դառնում, բայց արդեն Ջավախքից ու Վրաստանից դուրս։ Այստեղ տաղանդը չի դիտարկվում որպես հիմնական եկամտի հնարավորություն։
Ախալքալաքում մշակույթի և արվեստի զարգացմանը խոչընդոտող գործոններից մեկը զբաղվածության հետ կապված դժվարություններն են։ Այս ոլորտում կրթություն ստացած մարդիկ հաճախ չեն կարողանում աշխատանք գտնել մեր մարզում։ Մյուս կողմից, երիտասարդները, ովքեր նոր են ընտրում իրենց կյանքի ուղին, տեսնելով այս ամենը, նախընտրում են տիրապետել այլ, ավելի համամարդկային ու պահանջված մասնագիտությունների՝ «ընկղմելով» իրենց տաղանդը հողի մեջ։
Խանդո գյուղից Անի Թորոսյանը մանկուց է սիրել երգն ու երաժշտությունը։ Առաջին անգամ երգել է 9 տարեկանում, իսկ 12 տարեկանում ընդունվել Ախալքալաքի աշուղական դպրոց։ Նա երազում էր երգչուհի դառնալ, բայց միևնույն ժամանակ գիտակցում էր, որ միայն մեկ ճանապարհ ընտրելը կարող է սահմանափակող լինել, ուստի սկսեց մտածել երկրորդ մասնագիտության մասին։
«Վստահ էի, որ երգելն անպայման կմնա իմ կյանքի մի մասը, բայց միևնույն ժամանակ մտածում էի, որ պետք է այլ հմտություններ ձեռք բերեմ ապագայի համար: Եվ հենց այստեղ հայտնվեցին իմ շրջապատի և մտերիմների խորհուրդները, որոնք պարզաբանեցին, թե ինչ ընտրություն պետք է կատարեմ: Լեզուների հանդեպ իմ սիրո պատճառով, ես որոշեցի ընդունվել համալսարան՝ ընտրելով անգլերեն լեզվի և գրականության բանասերի մասնագիտությունը: Երգի հանդեպ իմ սերը երբեք չի մարել։ Այն իմ մեջ մնում է որպես բան, որը միշտ կա և շարունակվելու է լինել», – պատմում է Անին։
Չնայած բոլոր դժվարություններին, Ախալքալաքում գործում են մի քանի «մշակութային լծակներ», որոնք մատաղ սերնդին սովորեցնում են երգել, պարել և շատ ավելին։ Դա Երաժշտական դպրոցն է, Գեղարվեստի դպրոցը, «Ջավախք» և «Մուրջի» պարային համույթները, «Line up» մշակութային կենտրոնը։
«Line up» կենտրոնի հիմնադիրներից մեկը՝ Սամցխե-Ջավախքում Վրաստանի պարարվեստի միության փոխնախագահ Ռադիկ Եզոյանը նշում է, որ շրջանում մշակույթի զարգացման հիմնական խոչընդոտը տեղի բնակչության մտածելակերպն է:
«Երեխաներին մշակութային կենտրոն ուղարկելու խոչընդոտներից մեկն այն կարծրատիպն է, որ սպորտում նրանք կարող են ավելիին հասնել, օրինակ՝ դառնալ աշխարհի չեմպիոն, իսկ արվեստում նրանք չեն կարող մեծ բանի հասնել: Մշակույթով զբաղվելը, մշակույթը քարոզելը մեզ մոտ ընդունված չէ: Այստեղ երեխաները մեծացել են՝ տեսնելով, որ իրենց հայրերը գնում են խոպան, բանվորներ են, ամեն ինչ՝ բացի մշակույթից»,- մեկնաբանում է նա:
Ռադիկի խոսքով` ապագա սերունդը պետք է փորձի երեխաներին դաստիարակել մշակութային ոգով` սերմանելով արվեստի հանդեպ սերը և ճիշտ առաջնահերթություններ դնելով: Ինքը՝ Ռադիկը, պարարվեստի ոլորտում կրթություն է ստացել Երևանում, սակայն վերապատրաստվելուց հետո վերադարձել է Ախալքալաք և այստեղ բացել իր մշակութային կենտրոնը։
Ախալքալաքի համար աննախադեպ նորություն էր մեկ տարի առաջ բացված ձայնագրման ստուդիան։ Այն բացեց Արտյուշ Պողոսյանը, ով ավարտել է Երևանի ձայնային ռեժիսուրայի բաժինը։ Սովորելուց հետո նույնպես չի մնացել Երևանում։ Վերադառնալով հայրենի քաղաք՝ նա որոշեց օգտագործել ստացած գիտելիքները և ձայնագրման ստուդիա բացել Ախալքալաքում՝ չնայած բնակչության կողմից այս գործի հանդեպ ցածր պահանջարկին։ Այնտեղ նա նաև կիթառի և հարվածային գործիքների դասեր է տալիս։
«Ախալքալաքի համար երաժշտությունը չեմ կարող անվանել կայուն գործ, օրինակ՝ ձայնագրության պահանջարկը շատ ցածր է, իսկ դասավանդման դեպքում կարող ես բավականին շատ վաստակել, բայց երբեք չես իմանա, թե քանի ուսանող կունենաս։ Այսօր կարող է շատ լինել, բայց հետո ոչ»,- մեկնաբանում է նա։
«Ախալքալաքի համար երաժշտությունը չեմ կարող անվանել կայուն բիզնես, օրինակ՝ ձայնագրության պահանջարկը շատ ցածր է, իսկ դասավանդման դեպքում կարող ես բավականին շատ վաստակել, բայց երբեք չես իմանա, թե քանի ուսանող կունենաս։ Այսօր կարող է շատ լինել, բայց հետո ոչ»,- մեկնաբանում է նա։
Մերենիա գյուղից հայտնի հայ երգիչ Մավր Մկրտչյանը, ով երկար ժամանակ է բնակվում է Երևանում, Ախալքալաքում արվեստի և մշակույթի զարգացման խնդիրը տեսնում է հետևյալ կերպ.
«Երեխաները ցանկանում են այն, ինչ տեսնում են իրենց շուրջը, իսկ նրանք խոպանն են տեսնում: Իհարկե, եթե մարդ ինչ-որ բան ուզի, չնայած ամեն ինչին՝ կհասնի դրան, բայց այստեղ խնդիրն այն է, որ միջավայրը թույլ չի տալիս նույնիսկ ձևավորելու այդ ցանկությունը»:
Ի թիվս այլ խնդիրների՝ երգիչը նշում է նաև կադրերի պակասը:
«Ցավով պետք է նշեմ, որ նրանք, ովքեր գալիս են այստեղ սովորելու (խմբ. Երևան), այլևս չեն վերադառնում: Չգիտեմ, թե դա ինչով է պայմանավորված»։
Այսօր մշակույթով զբաղվող հազվագյուտ երիտասարդներ են դա անում, որպեսզի առաջ տանեն շրջանի մշակութային զարգացման անհրաժեշտության մասին իրենց պատկերացումը՝ սրանից չակնկալելով ֆինանսական բարեկեցություն, սակայն աստիճանաբար ամրապնդելով գաղափարական մասը՝ կհասնեն և ֆինանսական լավ վիճակի։
Լուսանկարները՝ «Թամադան Մանհեթենում» մյուզիքլից, որի պրեմիերան կայացել է Ախալքալաքի Մշակույթի տանը 2021 թվականի ապրիլին։