Ախալքալաքում տորթերի և թխվածքների թխումը միշտ էլ եղել է եկամտաբեր բիզնես, հատկապես վերջին տարիներին, Ամանորի տոներից առաջ, երբ ավելի ու ավելի շատ կանայք նախընտրում են տորթեր պատվիրել։ Այս բիզնեսն ունի իր առանձնահատկությունները․ կան «սիրված» հրուշակագործներ, ովքեր իրենց խոհանոցում թխում են իրենց «սիրելիների», մշտական հաճախորդների համար և առանձնապես չեն մտահոգվում հաճախորդների քանակի ավելացմամբ, ինչպես նաև հրուշակեղենի փոքր արտադրամասեր, որոնք ավելի շատ մտածում են իրենց բիզնեսն ընդլայնելու մասին։ Jnews-ը փորձեց հասկանալ Ախալքալաքի քաղցր բիզնեսի առանձնահատկությունները, զրուցելով ինչպես տնից աշխատող, մեծ փորձ ունեցող հրուշակագործի, այնպես էլ հրուշակեղենի արտադրամասի հրուշակագործի հետ։
«Տրոպիկանա» թխվածքի ստեղծողն Ախալքալաքից
Ելենա Խոդիկյանը 18 տարվա փորձով, ինքնուս հրուշակագործ է, ընդունում է թխվածքների պատվերներ, աշխատում է տանից։ Նրա թխվածքներն Ախալքալաքում հանրաճանաչ են։ Այսքան տարիների աշխատանքի ընթացքում նա ունի իր մշտական հաճախորդները: Ելենա Խոդիկյանն աշխատում է Ախալքալաքի «Ապագայի տանը», ղեկավարում է ձեռագործության խմբակը, սակայն չի հրաժարվել թխվածքներ պատրաստելուց և իր նախասիրությունը համարում է բիզնես։
«Ես շատ եմ սիրում թխել, իմ հարազատներն ու ընկերները թխվածքի պատվեր էին տալիս, ես սկսեցի պատվերներ ընդունել և այդպես էլ սկսվեց։ Ես երբեք չեմ ցանկացել հրուշակեղենի արտադրամաս բացել, ինձ շատերն են ասում, երեխաներս էլ են ասել, ես երբեք չեմ ձգտել դրան: Ես սիրում եմ ինքս անել, եթե ես հրուշակեղենի արտադրամաս բացեի, ես ստիպված պիտի աշխատող ընդունեի։ Նույնիսկ Նոր տարվանը, երբ շատ են պատվերները, և ինձ առաջարկում էին օգնել, ես հրաժարվում եմ։ Կողքս երբ ուրիշ մարդ է լինում, ինձ խանգարում է, ես արդեն գիտեմ իմ յուրաքանչյուր քայլը, որից հետո ինչ անել, որ արագ լինի», – ասում է Ելենա Խոդիկյանը։
18 տարվա աշխատանքն այս ոլորտում, հրուշակագործի խոսքով, նրան թույլ է տալիս գուշակել, ուրշի պատրաստած թխվածքի բաղադրատոմսը։ Նա ասում է, որ յուրաքանչյուր բաղադրատոմսին միշտ իրենն է ավելացնում և յուրովի փոխում այն, հատկապես «եթե սխալ եմ տեսնում»։
Նա նույնիսկ ստեղծել է իր բացառիկ բաղադրատոմսը:
«Տրապիկանկա» – բացառիկ թխվածք Ելենա Խոդիկյանից
Ելենա Խոդիկյանը չի մտածել նաև վճարով աշակերտ պահելու մասին, ինչն արել են տնից աշխատող շատ հրուշակագործներ։ Բայց, ինչպես ինքն է ասում, պատրաստ է բոլորի հետ կիսվել իր բաղադրատոմսերով և հրուշակագործի գաղտնիքներով։ Նրա խոսքով, թխվածքի համային հատկանիշների վրա մեծ նշանակություն ունի նաև բաղադրիչների ավելացման հաջորդականությունը։
Ելենա Խոդիկյանը գոհ է իր բիզնեսից։
«Ճիշտ է, ես շատ եմ աշխատում, բայց ես գոհ եմ, սա իմ բիզնեսն է, որն ինձ շահույթ է բերում։ Եթե ես աշխատեի մեծ քաղաքում, իհարկե, ավելի շահավետ կլիներ։ Ես միշտ իմ աշխատանքում նորություն եմ մտցնում, որպեսզի ձանձրալի չլինի, և ես չեմ ուզում ընդլայնվել»,- ասում է Ելենա Խոդիկյանը։
Ախալքալաքում հրուշակեղենի բիզնեսը եկամտաբեր բիզնես է։ Վերջին տարիներին Ախալքալաքում ավելացել է տնից աշխատող հրուշակագործների թիվը, նաև բացվում են հրուշակեղենի արտադրամասեր։ Բացի այդ, մոտ երկու տարի առաջ Ախալքալաքում բացվեց Ախալցխայի «House of Cakes» հրուշակեղենի խոշոր խանութի մասնաճյուղը, որտեղ մշտապես վաճառվում են տորթեր, թխվածքներ և այլն: Այս խանութը մեծ ճանաչում ձեռք բերեց նաև Ախալքալաքում։
Տեղական, փոքր քաղաքի բիզնեսը միշտ տուժում է ցանցային օպերատորների հայտնվելուց, քանի որ, որպես կանոն, ցանցային օպերատորները միշտ առաջարկում են լայն ընտրություն և ծառայություններ՝ ուղղված հաճախորդի հարմարավետությանը: Հաճախ, փոքր քաղաքներում ցանցային խանութների հայտնվելով, տեղական սիրողական բիզնեսները կտրուկ անկում են ապրում և ստիպված են լինում փակվել: Հրուշակեղենի բիզնեսում «Տորթերի տան» խանութի բացումն Ախալքալաքում, իհարկե, նույնպես չէր կարող չազդել տեղական արտադրողների վրա, սակայն մեր հարցվողները իրենց բիզնեսի վրա մեծ ազդեցություն չեն զգացել համեմատաբար մեծ ցանցերի հայտնվելուց։
«Ես առանձնապես չեմ զգում այս խանութի ազդեցությունը, ես չեմ վախենում, որովհետև իմ տորթերը պատրաստվում են բնական մթերքներից, տնական թխվածքները միշտ էլ առավելություն ունեն արտադրամասում պատրաստվածի համեմատ։ Կոնվեյերը ինչքան էլ որ աշխատի, անհատական պատրաստվածը ուրիշ է, ձեռքի աշխատանքը միշտ էլ գնահատվում է, ես իմ հաճախորդներն ունեմ, ինձ հերիքում է»,- ասում է Ելենա Խոդիկյանը։
Այսքան տարիների աշխատանքից հետո Ելենա Խոդիկյանը եկել է այն եզրակացության, որ ախալքալաքցիները նախընտրում են շոկոլադային թխվածքներ։
Հրուշակեղենի”AIDAS PASTRI” արտադրամասը
Ախալքալաքում արդեն մեկուկես տարի է գործում է «AIDAS PASTRI» հրուշակեղենի արտադրամասը։ Այստեղ պատրաստում են շերտավոր խմոր, կարկանդակներ, թխվածքներ, տորթեր, Դուբայի շոկոլադ և շատ ավելին՝ հրուշակեղենի 15 տեսակ։ Հրուշակեղենի արտադրամասի սեփականատեր Աիդա Խոդիկյանն իր գործը համարում է փոքր բիզնես, նա գոհ է բիզնեսից և մտադիր է ընդլայնվել։ Հրուշակեղենի արտադրամասում հիմնականում աշխատում են Աիդայի ընտանիքի անդամները, կա նաև մեկ վարձու աշխատող։
Արտադրամասը տարածք է փնտրում ընդլայնվելու համար։
«Տեսնելով, որ մարդկանց դուր է գալիս մեր արտադրանքը, մտածում ենք ընդլայնվելու մասին, ուղղակի մեծ տարածք է պետք, երբ ընդլայնվենք, տեսականին էլ կավելացնենք, ես արդեն ունեմ իմ հաճախորդները, եթե լավ, համով թխվածք պատրաստես, հաճախորդներ միշտ էլ կլինեն։ Ճիշտ է, մեծ քաղաքների պես չի լինի, այնտեղ մարդիկ շատ են, այստեղ մարդկանց թիվը սահմանափակ է, բայց բիզնեսն առաջ է գնում, և հնարավոր է փող աշխատել»,- ասում է Աիդա Խոդիկյանը։
Աիդա Խոդիկյանը հրուշակեղենի իր արտադռամասում
AIDAS PASTRI»-ի սեփականատերն իր բիզնեսը համարում է փոքր բիզնես և եկամտի աղբյուր։
Սկզբում Աիդան աշխատում էր տանը, դա նրա համար հոբբի էր, բայց հետո սիրելի գործը վերածվեց բիզնեսի։ Մինչ հրուշակագործ դառնալը Աիդան զբաղվում էր կարով, սակայն հետո, տեսնելով, որ հրուշակեղենի բիզնեսն ավելի եկամտաբեր է, անցավ դրան։ Հրուշակեղենի արտադրամասում միշտ ավելացնում են Ախալքալաքի համար անսովոր հետաքրքիր տեսականի, որոնցից մի քանիսն ընդունվում են տեղի հասարակության կողմից, իսկ որոշներն այդպես էլ չեն ընդունվում։ Բայց Աիդան և իր ընտանիքը միշտ փորձում են նոր բան մտածել և ներդնել Ախալքալաքի համար։
House of Cake խանութի բացումն ազդեց Աիդայի բիզնեսի վրա, բայց ոչ այնքան։
«Չէի ասի, որ շատ ազդեց, բայց զգացինք։ Նրանց թխվածքները գեղեցիկ տեսք ունեն, սակայն մարդիկ նախընտրում են տնական թխվածքները։ Եվ ոչ միայն իմ, մնացածների մոտ էլ, տնական թխվածքը լավ է։ Ես հաճախորդների պակաս չեմ զգում»,- ավելացնում է Աիդան։
«AIDAS PASTRI» հրուշակեղենի արտադրամասն արդեն աշխատում է Ամանորի պատվերների վրա։ Անցյալ տարի, Աիդայի խոսքերով, Նոր տարին դիմավորել են արտադրամասում, պատվերները շատ են եղել։
Աիդա Խոդիկյանը ձգտում է իր փոքրիկ հրուշակեղենի արտադրամասը վերածել մեծ սրճարանի, որտեղ միաժամանակ կպատրաստեն տորթեր, տարբեր թխվածքներ, և հաճախորդները տեղում դրանք կվայելեն։
«Հրուշակեղենի արտադրամասերն Ախալքալաքում շատ չեն, ինձ թվում է, որ մենք իրար չենք խանգարում, ամեն մեկն իր տեսականին ու հաճախորդն ունի։ Կարևորն այն է, որ մենք միշտ պահում ենք որակը և դա էլ հենց, կարծում եմ, հաջողության միակ բանալին է»,- ասում է Աիդա Խոդիկյանը։
Հրուշակեղենն Ախալքալաքում զուտ կանացի բիզնես է, որը երբեմն խոհանոցից այն կողմ չի անցնում, երբեմն էլ վերածվում է հրուշակեղենի արտադրամասի։ Խոշոր հրուշակեղենի արտադրամասերը այս բիզնեսում դեռ չեն կարողացել փոխել հաստատված առանձնահատկությունները, սակայն սահմանափակ, փոքր քաղաքների շուկան, ստիպում է նրանց լինել պահանջված և ընդլայնվել։