Ախալքալաքի մունիցիպալիտետում տարածվել է կորոնավիրուսի հետ կապված հերթական ապատեղեկատվությունը: Մարդիկ միմյանց պատմում են, որ Ասպինձայում կորոնավիրուսից մարդ է մահացել: Դա չի համապատասխանում իրականության: Խնդրում ենք սխալ տեղեկատվություն չտարածել:

Jnews-ի խմբագրությունը զանգ ստացավ, զանգահարողը ցանկանում էր ճշտել՝ թե արդյո՞ք ճիշտ է, որ Ասպինձայում կորոնավիրուսից մարդ է մահացել: Մենք ճշտեցինք, որ նման դեպք չի գրանցվել ոչ Ասպինձայում, ոչ էլ ընդհանրապես Վրաստանում: Սամցխե-Ջավախքում նույնիսկ կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի տվյալների համաձայն՝ մարտի 19-ի ժամը 14-ի դրությամբ, շրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 143 մարդ: Աբասթումանի Թոքաբանական կենտրոնում կարանտինի մեջ է 18 մարդ:

Ախալքալաքի մունիցիպալիտետում ներկայումս 22 մարդ ինքնամեկուսացման մեջ է: Ըստ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ), նրանք բոլորը ժամանել են Հայաստանից, բացառությամբ՝ վերջինի: Վերջինս ժամանել է Հունաստանից և գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Կորոնավիրուսի ախտանիշներ նրանց մոտ չի նկատվել, ինքնամեկուսացումն անհրաժեշտ է, որպեսզի համոզվեն, որ այդ ախտանիշները 14 օրվա ընթացքում ի հայտ չեն գա:

Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի, Ախալքալաքի ինքնամեկուսացված բնակիչներից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել կորոնավիրուսի ախտանշան և բոլորի ինքնազգացողությունը լավ է: ՀԱԿ-ը մշտական կապ է պահպանում այդ մարդկանց հետ:

Հարկ է նշել, որ ինքնամեկուսացման կանոնների խախտման դեպքում նրանց կարող են կարանտինի տեղափոխել համապատասխան հիվանդանոցներում և կենտրոններում:

Վրաստանում գրանցվել է COVID 19-ով վարակման հաստատված 40 դեպք, այդ թվում՝ մեկ հիվանդ, ով ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից մարտի 16-ին: Մարտի 19-ին, ժամը 15:00-ի դրությամբ, 1592 մարդ գտնվում է կարանտինում , ևս 262 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ: