Այսօր՝ հունվարի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների սաները նվերներ ստացան քաղաքապետարանի կողմից։ Նվերները պատրաստելու համար քաղաքապետարանը հայտարարել էր էլեկտրոնային մրցույթ։

Ապագայի տանն այսօր տոնական անսովոր աշխուժություն էր տիրում։ Մանկապարտեզի սաները եկել էին ստանալու իրենց նվերները։ Միջոցառումն իր խոսքով բացեց քաղաքապետի երկրորդ տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը։

3

«Ինչպես գիտեք, մեր քաղաքի մանկապարտեզները հիմնովին նորոգվում են, եվրոպական չափանիշներին համապատասխան։ Մենք այսօր հավաքվել ենք այստեղ մեր քաղաքի մանկապարտեզների սաների Նոր տարին շնորհավորելու, կան երեխաներ, որ ընթացքում չեն հաճախել մանկապարտեզ, բայց միևնույնն է մենք պետք է շնորհավորենք նրանց բոլորի Նոր տարին։ Մեկ անգամ ևս շնորհավորում ենք մեր փոքրիկներին և ցանկանում երջանիկ ու ուրախ ապագա, խաղաղություն», – ասաց փոխքաղաքապետը։

Միջոցառմանը ներկա էին մանկապարտեզների միության տնօրեն Անահիտ Ասատուրյանը, քաղաքի մանկապարտեզների մենեջերները, ծնողներ և այլ պաշտոնյաներ։

2

Այնուհետև եկավ Ձմեռ պապը և հանձնեց երեխաների նվերները։

1

Նշենք, որ նվերների համար հայտարարված էլեկտրոնային մրցույթին մասնակցել էին երեք ՍՊԸ՝ «Աբգա», «Թ&Ե կոմպանի» և «Քումի», այն հաղթել է ՍՊԸ «Թ&Ե կոմպանի»-ն՝ 29 690 հազար լարիով։

Պարկերը ներառում էին՝ կաթնային շոկոլադե դրաժե, արջի տեսքով շոկոլադե միջուկով թխվածքաբլիթ, դրաժե գետնանուշով (23%) և կաթնային շոկոլադով (48%), պատված խրթխրթան գունավոր ջնարակով (29%), կաթնային շոկոլադե ձու, մանկական գիրք 100 գլուխկոտրուկ, 3-4 տարեկանների համար և փայտե փազլ՝ այբուբենով և թվերով, տարբեր կենդանիների տեսքով, յուրաքանչյուրից 1112 հատ։