Արագվայի լեռնադահուկավազքի կենտրոնը նոյեմբերի 30-ից սկսած բաց է դահուկավազքի սիրահարների ու այցելուների համար։ Այստեղ ցանկացողները կարող են ոչ միայն դահուկներով սահել, այլև սովորել դահուկ քշել։
Այսօրվա դրությամբ՝ Արագվայի լեռնադահուկավազքի կենտրոնի հիմնական այցելուները գյուղի աշակերտներն են։ Ինչպես նաև նրանք, ովքեր տեղյակ են, որ Արագվայում ձմեռային հանգստի նման կենտրոն կա։
«Բոլորին մեծ սիրով սպասում ենք։ Նշեմ, որ մեր մոտ ամեն ինչ անվճար է՝ սովորեցնելուց մինչև համազգեստ։ Բոլոր ծախսերը հոգում է մունիցիպալիտետը», – ասում է Արագվայի լեռնադահուկավազքի կենտրոնի պատասխանատու Սպիրիդոն Հունանյանը։
Կենտրոնը բաց է ցանկացած օր։ Երկուշաբթից ուրբաթ՝ 12։00-ից մինչև 16։00, շաբաթ և կիրակի՝ 11։00-ից մինչև 16։30-ը, կամ էլ ինչպես Սպիրիդոնն է ասում՝ մինչև երեխաները կհոգնեն։
Մարզիչներ՝ Սպիրիդոն Հունանյանը և Մերուժ Քուրդօղլյան միասին են երեխաներին սովորեցնում սահել։ 6 տարեկանից սկսած երեխաները կարող են այցելել կենտրոն, մարզիչները 10 օրում կսովորեցնեն և երեխան լիարժեք կկարողանա տիրապետել դահուկավազքի նրբություններին, որից հետո ազատ կկարողանան սահել։
Կենտրոնը հագեցած է թե համապատասխան հագուստով, թե մարզագույքով։
«Անցած տարի դիմել ենք, և ձեռք բերել 4 զույգ նոր դահուկ և հագուստ, ինչի համար շնորհակալ ենք տեղական իշխանություններին»,- հավելում է Լեռնադահուկավազքի կենտրոնի պատասխանատուն։
Վերջինիս խոսքով, հագուստը հիմնականում մնում է այն երեխաների մոտ, ովքեր գրեթե ամեն օր հաճախում են կենտրոն։
«Երբ շատ այցելուներ ենք ունենում այդ ժամանակ առաջանում է հագուստի և դահուկների խնդիր։ Մեր երեխաներն իրենց հագուստներն ու դահուկները տալիս են դրսից եկած հյուրերին»,- ասում է նա։
Սպիրիդոն Հունանյանը Ախալքալաքի երիտասարդությանը հորդորում է՝ կտրվել հեռախոսներից, գնալ բնության գիրկ, զբաղվել սպորտով և միաժամանակ հանգստանալ։
Նշենք, որ Արագվայի լեռնադահուկավազքի կենտրոնը գործում է արդեն 14 տարի։