
Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում գտնվող եռահարկ բազմաբնակարան շենքի ճակատային հատվածի և շրջակայքի վերակառուցման մրցույթը հայտարարվում է արդեն 4-րդ անգամ, հայտերն ընդունվում են ընդամենը 4 օրվա ընթացքում։ Այս ծրագրի շրջանակներում «Nane Mall»-ի դիմաց կկառուցվի ավտոկայանատեղի։
Առաջին անգամ աշխատանքների մրցույթը հայտարարվել էր հուլիսի 24-ին, երկրորդ անգամ՝ օգոստոսի 1-ին, երրորդ անգամ՝ օգոստոսի 16-ին։ Երեք անգամն էլ մրցույթը տապալվել էր մասնակիցների բացակայության պատճառով։ Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանն այս տարվա սեպտեմբերին Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ ծրագրի իրականացումը հետաձգվում է մինչև հաջորդ տարի, քանի որ եղանակն արդեն վատանում է։ Նա նշել էր, որ մրցույթը նախատեսվում է հայտարարել 2025 թվականի հունվար-փետրվարին, որպեսզի աշխատանքները սկսվեն եղանակները տաքանալուն պես։
Թեև, չնայած դրան, մրցույթը կրկին հայտարարվել է։ Չորրորդ անգամն արդեն հայտերն ընդունվում են նոյեմբերի 26-ից 29-ը։ Նաև նշենք, որ մրցույթի գումարը և տեխնիկական պայմանները չեն փոխվել։ Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը ավելի վաղ նշել էր, որ տապալված մրցույթների պատճառը կարող է լինել աշխատողների պակասը, ինչպես նաև ֆասադային աշխատանքների կատարման դժվարությունները, այլ ոչ գինը և պահանջները։
«Որոշել ենք այս տարի հայտարարել, որ գարնանը արդեն լինի կապալառու և արդեն սկսվեն աշխատանքները: Պայմանագրում նշված կլինի, որ աշխատանքները պետք է սկսվեն 2025 թվականի ապրիլին, իսկ աշխատանքների ավարտի ժամկետը ապրիլից 100 օր է», – մեկնաբանեց Արա Մովսիսյանը։
Նա նշեց, որ շահագրգիռ ընկերություն է եղել, և հույս ունի, որ այն կմասնակցի մրցույթին, ինչպես նաև հաստատեց, որ մրցույթի պայմաններն ու գները չեն փոխվել։
Հիշեցնենք, որ Ազատության փողոցում գտնվող եռահարկ բազմաբնակարան շենքը գտնվում է Nane Mall-ի դիմաց։ Վերականգնման շրջանակներում նախատեսվում է շենքի ճակատային հատվածի կոսմետիկ վերանորոգում կատարել փողոցից և բակից, վերանորոգել ճաղապատ պատշգամբները, տեղադրել նստարաններ և լուսավորություն։ Ինչպես նաև, ըստ մրցույթի, նախատեսվում է ազատել շենքի դիմաց տարածք ավտոկայանատեղի կառուցելու համար՝ կրճատելով մայթը։ Մրցույթով կատարված աշխատանքների ծավալը կազմում է 248 897 լարի։