Նոյեմբերի 21-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում, տեղի ունեցավ հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ քննարկվեց 2025 թվականի բյուջեի նախագիծը։ Jnews-ը գյուղերում ստեղծված արհեստական աղբավայրերի վերացման վերաբերյալ քննարկում նախաձեռնեց, քանի որ 2025 թվականի բյուջեի նախագծում դրա համար միջոցներ նախատեսված չեն։ Սակայն, ինչպես հաստատեցին քաղաքապետարանից, աղբավայրերը կարող են վերացվել Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ուժերով։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2025 թվականի մունիցիպալ բյուջեն։ Քննարկումների ընթացքում բարձրացվեց գյուղերում ստեղծված արհեստական աղբավայրերի հարցը։ Դրանք գոյացել են գրեթե բոլոր գյուղերում և միայն աղբամանների հայտնվելով և Սպասարկման կենտրոնի ջանքերով զգալիորեն քչացել են։ Սակայն, գյուղերի տարածքից այդ աղբավայրերի վերջնական անհետացման մասին դեռ վաղ է խոսել, քանի որ որոշ տեղերում դրանք դեռ մնացել են։ Բուղաշեն, Խանդո գյուղից անհետացել են հսկայական աղբանոցներ, Բեժանոյի երկու աղբանոցներից մեկը վերացվել է, իսկ մյուսը փոքրացել է չափերով: Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահի խոսքով, այդ աղբավայրերի 70-80%-ը վերացվել է, մնում է վերացնել 20-30%-ը։
Սակայն բյուջեում այդ 20-30 տոկոսը վերացնելու համար միջոցներ նախատեսված չեն։ Jnews-ն առանձին հետաքրքրվեց Ախալքալաքի քաղաքապետարանից, թե ինչպես է պատրաստվում լուծել այս հարցը։
«Շատ լավ կլինի, եթե Դուք էլ ձեր կողմից գյուղացիներին հորդորեք աղբը նետել միայն աղբամանների մեջ: Շատ քիչ արհեստական աղբավայրեր են մնացել։ Սպասարկման կենտրոնը միշտ արհեստական աղբավայրերից աղբը հավաքում է, եթե աղբավայրերը մեծ են, ապա միշտ լրացուցիչ միջոցներ ենք հատկացնում»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։