Բժշկական համալսարանի ռեզիդենտուրայի ուսանողների համաֆինանսավորումը, որն արդեն մի քանի տարի շարունակվում էր, հույս էր առաջացրել, որ Ջավախքի հիվանդանոցներում կադրային պակասը կլրացվեր, սակայն ծրագրի դադարեցումը ոլորտի մասնագետների կարծիքով՝ անհազանգ է կադրային դեֆիցիտի խորացմանը։

Մի քանի տարի առաջ Evex կլինիկաների ցանցն ընդունել էր որոշում հովանավորել ռեզիդենտուրա սովորող ուսանողների ուսման վարձը, սակայն այս տարի որոշումը չեղյալ է հայտարարվել, քանի որ  Ախալքալաքի հոսպիտալը գնել է  Վրաստանի կլինիկաները (საქართველოს კლინიკები)։ Ախալքալաքից և Նինոծմինդայից ռեզիդենդուրան այդ ծրագրով շարունակելու համար դիմել են 4-5 ուսանողներ։ Jnews-ը նրանցից երեքի հետ խոսել է նախագծի կարևորության և չեղարկումից հետո առաջացած դժվարությունների մասին։

Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանն այս հարցով անհանգստացած է։ Նա նշում է, որ ծրագիրը շատ կարևոր էր, քանի որ յուրաքանչյուր ռեզիդենտի հետ նրանք ունեցել են պայմանագիր կնքած։ Ըստ որի՝ սովորելուց հետո ռեզիդենտը պարտավորվում է երեքից հինգ տարի աշխատել Ախալքալաքի հոսպիտալում, որից հետո արդեն ինքը կորոշի՝ շարունակել հոսպիտալում աշխատել, թե ոչ։ Պայմանագիր կնքել են այն մասնագետների հետ, որոնց պահանջն ամենաշատը կա հոսպիտալում։ Թորոյանը պատրաստվում է դիմել շրջանի պատգամավորին, որպեսզի հարցին գոնե մասնավոր լուծում տրվի, քանի որ ֆինանսական խնդիրների պատճառով ռեզիդենտները պատրաստվում են հրաժարվել շարունակել իրենց մասնագիտական աճը։

Արմինե Եղոյանը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղից է, տեղեկացել է ծրագրի մասին, դիմել է և մեկ տարի երկու ամիս սովորելուց հետո է տեղեկացել է, որ ֆինանսավորումը դադարեցվում է։ Նրան մնացել է սովորելու 1 տարի 10 ամիս։ Հիմա Արմինեն դժվար կացության մեջ է հայտնվել, ընտանիքը բաժանվել է երկու մասի, սակայն նրա մոտ ցանկությունը մեծ է, որ կայացած բժիշկ դառնա։ Արմինեն մասնագիտությամբ մանկական նեվրոլոգ է։

«Իմ կրթությունը շարունակելու, մասնագիտական առաջընթացի պայմանագրի պայմաններին համաձայնել էի, թեկուզ երկու երեխաներիս հետ դժվար էր սովորել։ Բնակարանին տալիս էի 800 լարի, կոմունալ ծառայությունների համար առանձին էի վճարում, երեխաների համար առանձին և այլն, շատ դժվար էր։

Այն ամենը ինչին հասել եմ մինչև հիմա չկորցնելու համար կանգնել եմ բարդ ընտրության առաջ, դեռ կարողանում եմ շարունակել, հետագայում չեմ կարող ասել կկարողանամ, թե չէ։ Շատ կուզեի, որ գոնե մունիցիպալիտետն օգներ», – ասում է Արմինեն։

Հիմա, երբ վերոնշյալ ծրագիրը կասեցվել է, նա ստիպված է ինքնուրույն միջոցներ հայթայթել՝ ամսական 500 լարի ուսման վարձ վճարելու համար։

Մեր մյուս ռեզիդենտը կրկին Նինոծմինդայի շրջանից է, Ժդանովական գյուղից է։ Հիմա ընտանիքի հետ ապրում է Ախալքալաքում, քանի որ աշխատում է Ախալքալաքի շտապ օգնության բաժանմունքում։ Ծրագրով սովորել է երկու տարի, բայց ռեզիդենտուրան ավարտելուն մնացել է ևս երկու տարի։ Ծրագրի կասեցման պատճառով տարկետում է վերցրել։ Մասնագիտությամբ ուրոլոգ է։

«Սեպտեմբերից տեղափոխվել էի երկրորդ կուրս, իսկ նոյեմբերին տեղեկացրին, որ այլևս հոսպիտալը մեզ չի հովանավորում, այսինքն՝ նոյեմբերի 1-ով ես պետք է վճարեմ ամսական 500 լարի։ Հիմա ես աշխատում եմ Ախալքալաքի շտապ օգնության բաժանմունքում և ամիսը 500 լարի վճարել ու ամեն օր այնտեղ լինել անհնար է։ Եթե մարդ ընտանիք ունի ամեն ամիս 500 լարի վճարելը դժվար է։ Տարկետում եմ վերցրել, մինչև տեսնեմ ինչ կլինի, միգուցե մի նախագիծ լինի, որին կկարողանամ դիմել։ Ընկերներ ունեմ, ովքեր նույնպես տարկետում են վերցրել, շատերն են խնդրի առաջ կանգնել», – ասում է Խնկանոս Փաշայանը։

Եվս մեկ ուսանողուհի անակնկալի է եկել, երբ նրան կանչել ասել են, որ այլևս չեն ֆինանսավորում։

«Ծրագրի մասին իմացել եմ երկու տարի առաջ, հանձնել եմ քննությունները և ինձ ընդունել են Evex-ի կլինիկաների ծրագրով։ Ինչ էր ներառում ծրագիրը․ իմ սովորելու տարիները երեք տարի էր, իմ բաժինն ընդհանուր թերապիան էր, իսկ պայմանները հետևյալը․ ես սովորում էի անվճար, 100 ֆինանսավորմամբ և պայմանագրի համաձայն երեք տարի պետք է աշխատեի Ախալքալաքի կլինիկայում։ Այս ծրագրի հիմնական և կարևոր կետն այն էր, որ բժշկական սովորող, ավարտող ուսանողները վերադառնան իրենց հայրենի շրջան, քաղաք և լրացնեն մասնագետների պակասը, ինչի կարիքը կա կլինիկայում։ Քանի որ իրենք այլևս չեն վճարում մեր ուսման համար, մենք էլ հետ վերադառնալու և պարտադիր կլինիկայում աշխատելու պարտականությունից ենք ազատվում։ Այդ ծրագրով ես սովորել եմ 12 ամիս, ինձ ավարտելու համար մնացել է 20 ամիս։ 12 ամիս ինձ վարձատրել են։ Ըստ մասնագիտության ուսման վարձը տարբեր է՝ 300-500-700-800 լարի է ամսավճարը», – ասում է ծրագրի շահառուներից մեկը։

Երբ բժշկականի ռեզիդենտուրան սովորող ուսանողներին տեղեկացրել են, որ այլևս չեն հովանավորում, որպես պատճառ նշել են՝ ծրագիրն իրենց համար ակտուալ չէ, և դա նրանք համարում են ավելորդ ծախս։

«Մենք Ախալքալաքի ուսանողներս այդքան էլ շատ չենք ու ամեն մարդ տարբեր որոշում է ընդունել։ Կան, որ որոշել են ընդհանրապես դուրս գալ, կան մարդիկ, որ ընդհանրապես հետ վերադառնալ չեն ուզում, իսկ ես դեռ չգիտեմ։ Ես հիմա նաև աշխատում եմ,  կարող է և մնամ։ Կրթությունս կշարունակեմ, քանի որ դա շատ կարևոր է», – ասում է ծրագրի շահառուներից մեկը։

Ախալքալաքի հոսպիտալի մենեջերն ասում է, որ նրանք այնպիսի ռեզիդենտների էին ընտրել, որոնց կարիքը հիվանդանոցն օդի ու ջրի պես զգում է։ Թորոյանի միակ ցանկությունն է՝ լուծել առաջացած խնդիրը, որպեսզի ռեզիդենտները հետ չկանգնեն ուսումը շարունակելու մտադրությունից։ Ուսանողները նույնպես մեծ սպասելիքներ ունեն, որ հարցը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի լուծում կստանա։

ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზე პასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” და შესაძლოა, რომ იგი არ გამოხატავდეს ევროკავშირის შეხედულებებს.
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական  կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქო საზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაში თანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორ ორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციის ფონდი (CIF) – ქვემო ქართლი, სამოქალაქო საზოგადოების ფორმირების ხელშემწყობი ცენტრი (SCCSF) – სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախքում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի(SCCCF)։