Վրաստանում քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ցուցարարները չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները և պահանջում են կառավարությունից «չխանգարել» իրենց քայլելու դեպի Եվրոպա տանող ճանապարհին: Բողոքի զանգվածային ակցիաները երբեմն ուղեկցվում են ոստիկանների և ցուցարարների միջև բախումներով, մարդիկ ի նշան բողոքի գիշերում են փողոցներում: Այս ամենին ակտիվ հետևում է նաև միջազգային հանրությունը և մի շարք քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարություններով:

Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մելինե Առաքելյանի խոսքով, ցանկացած հայտարարություն, թե Վրաստանը դեռևս Եվրամիության ճանապարհին է, պարզապես ճիշտ չէ։ Նրա խոսքով անդամակցության հայտով երկիրը համաձայնում է կատարել անդամակցության չափանիշները, և այդ չափանիշները բանակցությունների ենթակա չեն։

«Եվրահանձնաժողովը ևս մեկ անգամ նշել է, որ Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը փաստացի կասեցվել է։ Չգիտեմ՝ ինչպես կարող ենք ավելի պարզ ասել։ Այնպես որ, ցանկացած հայտարարություն, թե Վրաստանը դեռևս ԵՄ-ի ճանապարհին է, պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Վրաստանին ոչ ոք չի ստիպում դառնալ Եվրամիության անդամ։ Անդամակցության համար հայտ ներկայացնելը Վրաստանի որոշումն էր, սակայն անդամակցության հայտ ներկայացնելով՝ երկիրը համաձայնում է կատարել անդամակցության չափանիշները, և այդ չափանիշները ենթակա չեն բանակցությունների»,- ասել է Մելինե Առաքելյանը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենը Վրաստանին կոչ է անում վերադառնալ եվրաատլանտյան ինտեգրման ուղի։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում։ Ռյուտենը նշել է, որ Վրաստանը պետք է վերադառնա Եվրամիության հետ մերձենալու հավակնություններին։

«Իհարկե, մենք հորդորում ենք Վրաստանին վերադառնալ եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին, ներառյալ Եվրամիության հետ մերձենալու հավակնությունները։ Բայց եկեք այսօր շատ չխոսենք Վրաստանի մասին, մեզ շատ այլ հարցեր են սպասվում»,- ասել է Ռյուտենը։

«Անցյալ ամիս խորհրդարանական ընտրությունները հաստատեցին երկրի ժողովրդավարական անկումը ներկայիս իշխանության օրոք։ «Վրացական երազանքի» առաջնորդները երկիրը տարանջատել են Եվրամիության ճանապարհից, նրանք դեմ են Վրաստանի ժողովրդի՝ երկիրը Եվրամիության ճանապարհին պահելու ձգտումներին։ Ես կցանկանայի վրաց ժողովրդին կրկնել այն, ինչ ասացի անցյալ տարի իմ այցի ժամանակ։ Եվրամիության դուռը բաց կմնա, բայց կառավարության կուրսը, երբ խոսքը վերաբերում է օրենքի գերակայությանը և հիմնարար սկզբունքների հարգմանը, այդ թվում՝ այն, թե ինչպես են անցկացվել ընտրությունները, Վրաստանին հեռացնում է եվրաինտեգրման ուղուց»,- ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Բորելը։

«Վրաստանի հետ հարաբերությունների համապարփակ վերանայումը դեռ շարունակվում է։ Այնուամենայնիվ, ինչպես գիտեք, մենք արդեն դադարեցրել ենք այս նախադիտման աջակցությունը: Ուստի այնպես չէ, որ քանի որ հարաբերությունների վերանայումը դեռ շարունակվում է, ոչինչ տեղի չի ունենում։ Մենք այս վերանայման շրջանակներում արդեն քաղաքական քայլեր ենք ձեռնարկել և կշարունակենք կատարել այլ համապատասխան քաղաքական գործողություններ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Վրաստանում երիտասարդները պայքարում են ազատության և եվրոպական ապագայի պաշտպանության համար, մենք ամուր կանգնած ենք նրանց կողքին: Այս մասին ասված է Վրաստանում Եվրոպական միության ներկայացուցչության տարածած տեղեկատվության մեջ, որում կազմակերպությունն արձագանքում է Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվան։ Նշվում է՝ Եվրամիությունն աջակցում է Վրաստանին յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի համար անվտանգ միջավայր ստեղծելու հարցում:

«Մենք ամուր կանգնած ենք նրանց կողքին և ընդգծում ենք խոսքի և հավաքների ազատության նրանց հիմնարար իրավունքները հարգելու անհրաժեշտությունը»,- կարդում ենք հայտարարության մեջ։

Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմաս Վայտսը անդրադառնալով կատարվող իրադարձություններին ասել է․

«Նախընտրական շրջանում եղել է ընտրովի մուտք դեպի լրատվամիջոցներ և նախընտրական քարոզարշավ, ուստի ընդդիմադիր կուսակցությունների համար շատ ավելի դժվար էր, քան իշխանության համար։ Նաև ազդեցություն կար՝ լինի դա ռուս, թե օլիգարխ Իվանիշվիլիի զուտ բիզնես շահերը։ Չեմ կարծում, թե արժե նշել, թե որտեղից է գալիս այդ ազդեցությունը»։

Նա կարևորել է տարբեր կազմակերպությունների կողմից արձանագրված ընտրակեղծիքների բազմաթիվ դեպքերը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների զանգվածային շահարկումը։ Ըստ նրա՝ դա նշանակում է ոչ լեգիտիմ իշխանություն՝ ԵՄ չափանիշների տեսանկյունից։

«Կարծում եմ, որ մենք պետք է դա ասենք։ Պետք է ասենք, որ սա երկրի օրինական իշխանությունը չէ։ Ոչ լեգիտիմ իշխանություն, որը երկիրը մեկ սանտիմետրով չի մոտեցնի Եվրամիությանը։ «Վրացական երազանքը» նույնիսկ ընտրությունների օրը հայտարարեց, որ իրենք եվրոպամետ են, և դրանում համոզվեցին որոշ եվրապատգամավորներ։

Մենք պետք է ակտիվորեն աջակցենք նախագահ Զուրաբիշվիլիին, հրավիրենք նրան, հնարավորինս շատ ամբիոններ տանք, այդ թվում՝ Եվրախորհրդարանում, և դրանից հետո մենք շատ պարզ կլինենք, թե ինչ պետք է գրենք մեր բանաձևում», – ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմաս Վայտսը։

Չնայած հնչող բազում կոչերի և մեղադրանքների, Վրաստանի գործող իշխանությունը շարունակում է պնդել, որ իրենց վարած քաղաքականությունը եվրոպամետ է, իսկ ընտրություններն ընթացել են արդար և թափանցիկ, այս մասին հայտարարություններ են անում իշխող կուսակցության ներկայացուցիչները ճեպազրույցների ժամանակ: