Նոյեմբերի 15-ը Ախալքալաքում հայտարարվել էր Արյան դոնորի օր։ Չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբեր ամսից պարբերաբար տեղեկացվել է հասարակությանը, միևնույն է՝ քչերն են գնացել հիվանդանոց ու արյուն հանձնել։
Հոկտեմբերի 30-ից JNEWS-ը պարբերաբար տարածում էր Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր՝ Ալեքսան Թորոյանի խնդրանք-հորդորն այն մասին, որ քաղաքի բնակիչները, քաղաքապետարանի, սակրեբուլոյի, կրթական ռեսուրս կենտրոնի աշխատակիցներն օժանդակեն և գնան արյուն հանձնելու։
Արդյունքում արյան դոնոր լինելու համար, նախօրոք նշված օրը հիվանդանոց է գնացել արյուն հանձնելու ընդամենը 17 քաղաքացի։ Սակայն չորս հոգուց տարբեր առողջական խնդիրների պատճառով արյուն չեն վերցրել, ըստ այդմ՝ արյուն վերցրել են 13 հոգուց։
«Ճիշտն ասած ես գոհ չեմ, չնայած իրենք գոհ մնացին, որովհետև շատ տեղեր այդքան էլ չի եղել։ 13 դոնորը շատ-շատ քիչ է։ 17 անձից մեկի հեմոգլոբինն է ցածր եղել, մյուսի տարիքը չի համապատասխանել։ Ոչ ժողովրդի, ոչ համակարգի, մունիցիպալիտետի կողմից ոչ մի աջակցություն, հետաքրքրասիրություն չեղավ, բացարձակ անտարբերություն է։ Բայց, երբ նեղն են ընկնում արյուն են ուզում, ասում են՝ ինչու արյուն չունեն, չգիտեն, որ արյունը պետք է հանձնեն, որ հետո ստանան։ Այդ ժամանակ սկսում են մեզ հետ կռվել, ասելով, որ այս ինչ հիվանդանոց է, արյուն չունեն։ Ես ավելի շատ էի սպասում, շատ դժգոհ մնացի», – ասում է Ալեքսան Թորոյանը։
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջերը նշում է, որ չի կարող ասել ապագայում ևս մարդիկ հնարավորություն կունենան Ախալքալաքում արյուն հանձնել, քանի որ մասնագետները Քութաիսիից են գալիս, ինչը կախված է մեծ ծախսերի հետ։
«Նվազագույնը 25-30 մարդ պետք է ունենանք, որ տեղեկացնեմ որպեսզի գան, թե չէ մեր ունեցած թիվը շատ քիչ է»։
Ավելի վաղ Ալեքսան Թորոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Սովետական Միության փլուզումից հետո դոնորությունը դարձել է կամավոր և մշտապես արյան խնդիր կա, ծանր հիվանդներ ունենալու դեպքում, երբ կարիք է լինում արյուն փոխներարկելու, միշտ խնդիր են ունենում։ Հիվանդանոցում չկա արյան բազա, իսկ որտեղից Ախալքալաքի հիվանդանոցն արյուն է ստանում՝ Ախալցիխեից, Քութաիսիից և Թբիլիսիից, միշտ ուզում են, որ մարդիկ գնան արյուն տան, իրենց հիվանդին, որպեսզի մեր հիվանդանոցում փոխներարկենք։ Այդ իսկ պատճառով բոլոր տարածաշրջաններում, մունիցիպալիտետներում կազմակերպել են դոնացիայի օր։
Ինչպես ցույց տվեց վիճակագրությունը՝ Ախալքալաքում շատ չեն այն մարդիկ, ովքեր պատրաստ են կամավոր արյուն հանձնելու։