2024 թվականի նոյեմբերի 15-ը Ախալքալաքում հայտարարվել է Արյան դոնորի օր։ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում ժամը 11:00-ից հնարավոր կլինի արյուն հանձնել: Հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը խնդրում է բոլորին, ովքեր հնարավորություն ունեն՝ արյուն հանձնեն, քանի որ դա կարող է փրկել ինչ-որ մեկի կյանքը:
Նոյեմբերի 15-ին ժամը 11:00-ից Ախալքալաքի հիվանդանոցում կարող են արյուն հանձնել բոլոր նրանք, ովքեր չունեն արյան հետ կապված հիվանդություններ կամ այլ հիվանդություններ։
«Խորհրդային Միության փլուզումից հետո դոնորությունը դարձավ կամավոր, արյան խնդիր կա, երբ մենք ունենում ենք ծանր հիվանդներ և արյան փոխներարկման անհրաժեշտություն է առաջանում, միշտ խնդրի առաջ ենք կանգնում։ Տեղում արյան բանկ չունենք, իսկ վայրերը, որտեղից մենք արյունը վերցնում ենք՝ Ախալցիխեն, Քութայիսին, Թբիլիսին է, նրանք միշտ ուզում են, որ մարդիկ գնան իրենց բուժառուների համար արյուն հանձնեն, որ կարողանան փոխներարկում անել։
Վրաստանում նման խնդիր կա, այդ իսկ պատճառով բոլոր մարզերում ու մունիցիպալիտետներում կազմակերպել ենք դոնորության օրեր, և այս օրերին կամավորները գալիս են և արյուն հանձնում։ Դիմում եմ մեր բնակիչներին, քաղաքապետարանի աշխատակիցներին, Շրջանային սակրեբուլոյի աշխատակիցներին, Ռեսուրս-կենտրոնի աշխատակիցներին և ուսուցիչներին, որպեսզի նրանք օգնեն մեզ գործընթացը ճիշտ կազմակերպելու և քանակ ապահովելու համար»,- ասում է Ալեքսան Թորոյանը։