Նոյեմբերի 25-ին Վրաստանում նորընտիր խորհրդարանը պետք է վստահություն հայտնի կառավարության նոր կազմին ու ծրագրին։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Հաջորդ երկուշաբթի կառավարության նոր կազմը կներկայացվի խորհրդարանին։ Խնդրում եմ բոլոր նախարարություններին սկսել աշխատանքը կառավարության ծրագրի վերջնական տարբերակի հստակեցման ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ երկուշաբթի օրը, բացի կառավարության կազմից, պետք է խորհրդարանին ներկայացնենք կառավարության 4-ամյա ծրագիրը, և շատ կարևոր է, որ բոլոր մանրամասները հստակեցվեն։ Սա իմ խնդրանքն է յուրաքանչյուր նախարարության և նախարարի։ Մենք ունենք հավակնոտ առաջադրանք, որն արտացոլված է կառավարության այս ծրագրում։ 4 տարվա ընթացքում մենք պետք է մեր երկիրը տեղափոխենք զարգացման բոլորովին նոր փուլ։ Ծրագիրը ծառայում է դա ապահովելու համար: Այժմ գլխավորը ամենօրյա աշխատանքն է՝ ապահովելու, որ բոլոր առաջադրանքները պատշաճ կերպով կատարվեն»,- ասել է Կոբախիձեն։