Ըստ կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի՝ սեպտեմբերի 10-ից 200-ից ավելի մարդկանց մասնակցությամբ մշակութային և սպորտային միջոցառումները կարգելվեն, բայց այդ սահմանափակումը չի վերաբերի ընտրական գործընթացին:
«Ինչ վերաբերում է մշակութային և սպորտային իրադարձություններին, հաշվի առնելով առկա համաճարակաբանական իրավիճակը, որոշվեց սահմանափակել մշակութային և սպորտային միջոցառումները, որոնց մասնակցում է ավելի քան 200 մարդ: Սա վերաբերում է բաց տարածքներին, քանի որ փակ տարածքներում մինչ այդ էլ արգելված էր», – ասել է նա:
Սակայն, ըստ նրա, ավելի քան 200 հոգու մասնակցությամբ մշակութային և սպորտային միջոցառումների սահմանափակումը չի վերաբերի նախընտրական քարոզչությանը և ընտրական գործընթացների հետ կապված իրադարձություններին:
«Մենք տեղյակ ենք, որ նախընտրական քարոզարշավն ընթացքի մեջ է, և, իհարկե, իմ թվարկած բոլոր սահմանափակումները, նկատի ունեմ ավելի քան 200 հոգու մասնակցությամբ մշակութային և մարզական միջոցառումների սահմանափակումները, չեն տարածվի նախընտրական քարոզչության և ընտրությունների հետ կապված միջոցառումների վրա: Պարզապես, մենք ուզում ենք հորդորել ընտրական սուբյեկտներին ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն և առավելագույնս պահպանել կանոնները, ինչը ենթադրում է և՛ երկու մետր հեռավորության պահպանումը, և՛ դիմակ կրելը բոլոր այն տեղերում, որտեղ դա պարտադիր է», – հայտարարել է Մեզվրիշվիլին:
Բացի այդ, ըստ Նաթիա Մեզվրիշվիլիի, դիմակներ կրելու կանոնները խստորեն վերահսկվելու են ինչպես տրանսպորտում, այնպես էլ փակ տարածքներում: