Ախալքալաքից 18 կմ հեռավորության վրա գտնվող Մերենիա գյուղում մարդիկ թվարկում են տարիներ շարունակ չլուծված խնդիրները, որին այս տարի գումարվել է գործազրկությունը, այսինքն՝ մարդիկ չեն կարողանում արտագնա աշխատանքի գնալ Ռուսաստան, իսկ տեղում աշխատատեղ չկա:

«Ճանապարհ չունենք, սա ինչ ճանապարհ է, իբր 2020 թվականին նախատեսել էին մեր ճանապարհի ասֆալտապատումը, բայց նախագծի միջից հանել են, չկա։ Ձմռանը ճանապարհ չի լինում, որ Բուղաշենով գնանք Ախալքալաք, ստիպված Իխտիլայով ենք գնում։ Ներկա դրությամբ մեր գյուղի երկու ճանապարհն էլ վատ վիճակում է գտնվում»,- ասաց Մերենիա գյուղի բնակիչներից մեկը, շարունակում թվարկել գյուղի խնդիրների անվերջանալի շարքը:

Այստեղ խնդիր է նաև գիշերային լուսավորությունը: Էլեկտրական լապտերները քիչ են և ընտրովի տեղերում է տեղադրված:

«Բոլոր գյուղերում շրջում ես, նորմալ գիշերային լուսավորություն կա, իսկ մեր գյուղում լույս չկա, որ միացնեն։ Իսկ եղածներն էլ հատուկ վայրերում է տեղադրված», – ավելացրեց գյուղի բնակիչը:

kartofilahavaq

Մերենիայում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, սակայն այս տարի դա էլ եկամտաբեր չի, միսն իրացնում ցածր գներով։

«Չէին գալիս գնելու, ստիպված էժան վաճառեցինք: Մի կովին տալիս են 1400-1500 լարի, իսկ նախկինում 2000 լարիի էր հասնում», – նշեց բնակիչներից մեկը։

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով՝ ինչպես Ջավախքի մնացած գյուղերում, այնպես էլ Մերենիայում չեն կարողացել արտագնա աշխատանքի մեկնել: Գործազրկությունն ավելի է վատթարացրել գյուղաբնակների առանց այն է վատ վիճակը:

«Մեր տնից 3 տղամարդ խոպան էր գնում, փակ սահմանների պատճառով այս տարի չկարողացան գնալ: Կես հեկտար կարտոֆիլ ենք ցանել, ապրուստը շատ է դժվարացել, մեր ամբողջ 9 հոգանոց ընտանիքը այդ հողամասի հույսին է: Տանը ոչ թոշակառու ունենք, ոչ էլ աշխատող, չգիտեմ ինչպես ենք ձմռանն ապրելու», – ասաց Մերենիա գյուղի բնակիչը: Միաժամանակ հավելելով, որ այս բերքահավաքին կանայք օրավարձով գնում են կարտոֆիլ հավաքելու, այդպիսով փորձելով թեթևացնել ընտանիքի տնտեսական վիճակը:

bnakich

Այս տարի միակ բանը, ինչը գոհացնում է մերենեցիներին դա կարտոֆիլի բերքն է։ Բերքահավաքն արդեն սկսվել է։

«Այս տարի կարտոֆիլ կա, շատ լավ է եղել, գոհ ենք բերքից, գինը հիմա 50-55 թեթրի է, համեմատած անցած տարվա այս ժամանակահատվածի հետ էժան է», – ասաց Մեխակ Գուշչյանը, ցույց տալով իր դաշտի կարտոֆիլը։

Կարտոֆիլ հավաքող կանայք նշում են, կարտոֆիլի գինը իրենց տանջանքի համեմատ շատ քիչ է, անցած տարի այս նույն ժամանակահատվածում 1 կգ կարտոֆիլն արժեր 70-80 թեթրի էր, իսկ այսօր՝ 50-60 թեթրի:

Ախալքալաքում Մերենիա գյուղի ներկայացուցիչ Սերգեյ Քաղքցյան ասաց. «Իհարկե, ես ուզում եմ, որ ասֆալտ լինի, այսօրվա դրությամբ չեմ կարող ասել, որ ճանապարհ չկա։ Մինչև Իխտիլա 1 կմ 350 մետր է, նորմալ է, կարելի է երթևեկել, իսկ մինչև Բուղաշեն մյուս տարվա նախագծի մեջ է ներառված։ Ձմռանը դեպքեր լինում են, որ բքի պատճառով ճանապարհը փակվում է, բայց դա մշտական չէ, ընդհանրապես բաց են ճանապարհները»:

Գայանե Ակոջյան