Ախալքալաքի մունիցիպալիտետում մեկնարկել է կարտոֆիլի ոռոգման գործընթացը: Այս փուլում միայն խոշոր ֆերմերներն են սկսել ոռոգել ցանքատարածությունները, բայց ֆերմերները բողոքում են, որ ոռոգման համար բավարար ջուր չկա:
Խոշոր ֆերմերները սկսում են ոռոգել իրենց դաշտերը մի փոքր ավելի շուտ, քանի որ եթե չհասցնեն ժամանակին ոռոգել, ապա լավ բերք չեն ստանա:
Այս տարի, 10 հա հողի վրա կարտոֆիլ է ցանել Չամդուրա գյուղից Վարդան Պոլորչյանը: Ախալքալաքում կարտոֆիլի աճեցումը ֆերմերների հիմնական եկամտի աղբյուրն է:
Ըստ նրա, այս տարի նա լավ բերք է ակնկալում, քանի որ արել է ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է դրա համար: Այնուամենայնիվ, կա մի խնդիր` ջրի պակասը:
«Ալմալիից ջուրը շատ քիչ է գալիս, տեսնենք, թե ինչ կլինի հետո», – ասում է նա:
Կարտոֆիլի ոռոգման սեզոնը սկսվել է հուլիսի կեսերին:
«Ոռոգումը տևում է մեկ ամիս և նույնիսկ ավելի՝ կախված եղանակից», – ասում է Վարդան Պոլորչյանը:
Շրջանի տարբեր գյուղերից մի քանի հոգի ոռոգման սեզոնին աշխատում են Պոլորչյանների համար, միայն տղամարդիկ, քանի որ աշխատանքը հեշտ չէ: Այս աշխատանքի համար նրանք ստանում են օրական 30 լարի:
«Արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում եմ Պոլորչյանների մոտ, ես գոհ եմ, շատ լավ մարդիկ են, նրանք երբեք չեն վիրավորում աշխատողներին», – ասում է բանվորներից մեկը՝ Ավոն:
«Աշխատանքն այնքան էլ դժվար չէ, ամենակարևորը, որ մեզ վերաբերվում են մարդկայնորեն, վճարվում ենք անմիջապես աշխատանքից հետո կամ սեզոնի ավարտին: Այս պահին ջրամատակարարման սեզոնը ընթացքի մեջ է, այն տևում է մոտ 20-30 օր», – կիսվում է Պոլորչյանների մեկ այլ աշխատակից` Պետոն:
Նախ, աշխատողները խողովակներից անցկացնում են կենտրոնական գիծը, որը միացված է պոմպին: Այնուհետեւ, արդեն կարտոֆիլի դաշտում, կենտրոնական գծից ջուրը լցվում է փոքր խողովակների միջոցով, որոնք միացված են դրան: Փոքր խողովակները միացվում են միմյանց, իսկ հանգույցում տեղադրվում են ատրճանակներ: Դրանից հետո միացնում են պոմպը և սկսում են ոռոգել մի քանի ժամ:
Ըստ Վարդան Պոլորչյանի, յուրաքանչյուր վայրում ոռոգումը տևում է այլ ժամանակահատված` կախված տարածքից:
«Մեկ տարածքի ոռոգումը տևում է 8-10 ժամ», – ասում է նա:
Ոռոգման սեզոնը սկսվում է կարտոֆիլի ծաղկումից հետո: Ըստ Վարդան Պոլորչյանի, եթե ժամանակին չոռոգես, ապա բերքը լավը չի լինի:
Նա գոհ է անցյալ տարվա բերքից և հույս ունի, որ այս տարի էլ լավ բերք կլինի:
Ոմանց համար կարտոֆիլը եկամտի հիմնական աղբյուրն է, մյուսների համար էլ` երկրորդական, բայց բոլորն էլ հույս ունեն, որ կլինի բերքառատ տարի:
Բրատիսլավ Իգիթխանյան