Շուտ ցանել չուշանալու համար, թե շտապել պետք չէ, ի՞նչ են ասում փորձառու հողագործները և ի՞նչ խորհուրդ են տալիս մասնագետները:
Ախալքալաքում եղանակների տաքացման հետ մեկտեղ սկսվում է գարնանացանը, որը ուղորդվում է որոշ խոչընդոտներով: Գյուղատնտեսները հաճախ խափնվելով գարնանային ջերմացնող արևին, որոշում են գյուղատնտեսական աշխատանքները շուտ սկսել, սակայն այն բացասական հետևանքների է բերում:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի խորհրդատու, գլխավոր մասնագետ՝ Մերաբ Նաթենաձեն խորհուրդ չի տալիս շտապել:
«Եթե ջերմաստիճանը հասնում է 10-ից 15-ի, այդ դեպքում կարելի է սկսել ցանքսը: Այդ ջերմաստիճանում, երբ ցրտահարման վտանգ չկա բույսը սկսում է աճել՝ հասնելով մոտավորապես 2 սմ.-ի», – ասաց Մերաբ Նաթենաձեն:
Մարտ ամսին Ախալքալաքում ցանքսը կատարելը վտանգավոր է:
«Քանի-որ Ախալքալաքը բարձրալեռնային գոտի է, ցրտահարման վտանգն ավելի մեծ է, հետևաբար բանջարեղենի որոշ տեսակներ նպատակահարմար է հնարավորինս ուշ ցանել: Չնայած առավել շուտ նույնպես կարելի է, սակայն կլիմայից ելնելով ցանկալի է ցանքսն սկսել ապրիլի վերջ կամ մայիսի սկիզբ», – ասաց մասնագետը:
Թեմայի վերաբերյալ անցկացրեցինք փոքր հարցում գյուղատնտեսների շրջանում պարզելու համար, թե ե՞րբ են սկսում գյուղատնտեսական աշխատանքները:
«Ցանքսն սկսում ենք ապրիլի վերջ կամ մայիսի սկիզբ: Եղանակից է կախված: Այս ժամանակահատվածը ոչ ուշ է, ոչ էլ շուտ: Եթե ավելի շուտ ցանենք, անձրևները կխանգարեն, ցուրտն էլ կտանի: 10-ից 15 տարի առաջ ավելի շուտ էինք սկսում ցանքսը, այդ ժամանակ գարունը՝ գարուն էր, ձմեռը՝ ձմեռ: Պատահել է, որ կարտոֆիլը ցանել ենք, բարձրացել է դարձել մոտավորապես 8 սմ և ցուրտը տարել է: Ամբողջովին արտը սևացել էր, ոչինչ չէր մնացել», – պատմեց Սամսար գյուղի բնակիչ Իլյան:
«Գազարը նույնպես ցանում ենք նույն ժամանակահատվածում, չնայած ցուրտն ու կարկուտը միշտ էլ վնասել են: Պետությունը կարկտակայաններ չի ստեղծում, գրեթե ամեն տարի նույն վիճակն է, բերքը աճում է, սակայն եղանակային պայմանները խանգարում են», – ավելացրեց Բեժանո գյուղի բնակիչ Գեղամը:
«Ժամանակ է եղել, որ հունիսի 15-ից նոր սկսել ենք ցանքսը, հավատացեք այդ տարին ավելի բերքառատ էր: Առաջ հենց օրերը տաքանում էին սկսում էինք ցանքսը, այսինքն մարտի 15-ից մինչև 30-ը»,- ասաց Լևոն Իրիցյանը:
«Ցանքսը սկսում ենք ապրիլի 25-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Լինում է, որ շուտ ենք սկսում, եթե իհարկե անձրևներ չեն լինում: Սակայն վախ կա, որ կցրտահարվի. հիմնականում այդպես էլ լինում է», – հավելեց Էդուարդը:
Այնուամենայնիվ, գյուղատնտեսության զարգացման համար բացի կլիմայական բարենպաստ պայմաններից հարկավոր է նաև համապատասխան տեղեկացվածություն տվյալ բնագավառից:
«Մենք Ախալքալաքում միշտ առաջարկել ենք օգտվել ապահովագրական ընկերություններից, իսկ մանրամասներին ծանոթանալու համար պետք է դիմել մեզ, և մենք ամենայն մանրամասնորեն կներկայացնենք ինչպես ճիշտ օգտվել քիմիկատներից և հողամշակման համար նախատեսված տեխնիկաներից», – եզրափակեց Մերաբ Նաթենաձեն:
Ջուլիետա Տոնականյան