Ախալքալաքի մունիցիպալիտետի Բալխո գյուղի դպրոցում կատարվել է ներքին վերանորոգում, թեեւ աշխատանքներն ավարտված են, ուսումնական գործընթացը չի վերականգնվել։ Վերանորոգման ընթացքում, աշակերտների Բուղաշեն գյուղի դպրոց տեղափոխումը դադարեցվել է, դպրոց գնում են ոչ բոլոր աշակերտները:
Այս տարվա սեպտեմբերի 4-ին Բալխո գյուղի դպրոցում սկսվել են վերանորոգման աշխատանքներ, որոնք իրականացրել է անհատ ձեռներեց Արշակ Համոյանը։ Այդ ընթացքում երեխաներին Բուղաշեն գյուղի դպրոց էին տեղափոխում պետական միջոցների հաշվին, սակայն նոյեմբերի 4-ին տրանսպորտավորումը դադարեցվել է։
Բալխո գյուղի դպրոցի շենքի վերանորոգման մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Արշակ Համոյանը և պայմանագիր կնքել դպրոցի տնօրեն Աշոտ Կիրակոսյանի հետ։ Բալխո գյուղի դպրոցի վերանորոգման համար պետությունը հատկացրել է 59759 լարի։ Մրցույթը 58700 լարիով, շահել է ձեռներեց Արշակ Համոյանը։ Աշխատանքները, ըստ նախնական պայմանագրի, պետք է ավարտվեին 55 օրվա ընթացքում, սակայն հետո պայմանագրում փոփոխություններ են կատարվել, և աշխատանքների հանձնման ժամկետը երկարացվել է մինչև 60 օր։ Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են նոյեմբերի 4-ին։
Այս ընթացքում, երեխաները Բուղաշեն գյուղի դպրոց են հաճախել երկրորդ հերթափոխով։ Նշենք, որ Բալխո գյուղի դպրոցը հիմնական է, երեխաները սովորում են մինչև 9-րդ դասարան, իսկ ավագ դասարանները հաճախում են Բուղաշեն գյուղի դպրոց:
Դպրոցում վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն դասասենյակների հատակներն ամբողջությամբ չեն չորացել, տնօրեն Աշոտ Կիրակոսյանը և ուսուչական կազմը որոշել են ևս մեկ շաբաթով հետաձգել դասերը։ Նոյեմբերի 4-ից ավտոբուսն այլևս երեխաներին չի տեղափոխում Բուղաշենի դպրոց: Որոշ ծնողներ իրենք են տանում իրենց երեխաներին, իսկ ոմանք չեն կարողանում տանել և դպրոց չեն ուղարկում։ Բալխո և Բուղաշեն գյուղերի միջև հեռավորությունը մոտ մեկ կիլոմետր է, ճանապարհն անցնում է դաշտերի միջով։
Երեկ՝ նոյեմբերի 7-ի առավոտյան ժամը 10-ին մենք այցելեցինք Բալխո գյուղ։ Դպրոցը կողպեքով փակ էր, իսկ մուտքի մոտ շինարարական աղբ էր։
Դպրոցի տնօրենը եկավ, բացեց դպրոցը և ցույց տվեց վերանորոգումը։ Ներկելուց հետո հատակներն ամբողջովին չորացած չէին։ Շինարարները վերանորոգել են դպրոցի հատակը, առաստաղը, պատուհանները։ Դպրոցի արտաքին մասի բարեկարգումը, տնօրենի խոսքով, մնացել է հաջորդ տարվան։
«Վերանորոգումն ավարտված է, նա իր գործն արել է, ուղղակի մենք ուզում էինք, որ հատակներն ավելի լավ չորանային: Երկու օր է, ինչ ավտոբուս չկա, բայց այս երկու օրվա ընթացքում մենք ինքներս ենք գնում և երեխաներին տեղափոխում ենք մեր մեքենաներով, բացի այդ, գյուղից բարձր դասարանների աշակերտների համար ավտոբուս է գնում Բուղաշեն գյուղ, և երեխաներին տանում է, մեր աշակերտները սովորում են երկրորդ հերթափոխով»,- ասաց դպրոցի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։
Բալխո գյուղի դպրոցում դասերը, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն երկուշաբթի օրվանից՝ նոյեմբերի 11-ից։
Բալխո գյուղի դպրոցում մոտ 40 աշակերտ է սովորում, երեխաների ստույգ թիվը տնօրենը հրաժարվեց մեզ ասել: