Այսօրվա դրությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի 10 դպրոցներում հայտարարվել է 20 թափուր աշխատատեղ5 տարբեր առարկաների ուսուցիչների հաստիքների համար:
Ըստ Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի, մեր շրջանում կենսաթոշակային տարիքի 165 ուսուցիչ ցանկություն է հայտնել դադարեցնել ուսուցչական գործունեությունը, սակայն նրանց թիվը վերջնական չէ:
Այն բանից հետո, երբ ուսուցիչները ցանկություն հայտնեցին դադարեցնել մանկավարժական գործնեությունը, Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում հայտնվեցին նոր թափուր աշխատատեղեր:
Մունիցիպալիտետի 10 դպրոցներում հայտարարվել են հետևյալ մասնագետների թափուր աշխատատեղեր:
Այսօրվա դրությամբ, Բուղաշեն գյուղի դպրոցում կա 5 թափուր աշխատատեղ՝ անգլերեն, վրացերեն և ռուսերեն լեզուների, ինչպես նաև նկարչության և քիմիայի ուսուցիչների:
Օլավերդ գյուղի դպրոցում կա թափուր աշխատատեղ՝ նկարչության, ֆիզկուլտուրայի և տարրական դասարանների ուսուցիչների:
Հոկամ գյուղի թիվ 1 դպրոցում կան թափուր աշխատատեղ՝ անգլերենի, մաթեմատիկայի և տարրական դասարանների ուսուցիչների:
Բարալեթ գյուղի թիվ 1 դպրոցում կա թափուր աշխատատեղ՝ ռուսաց լեզվի և նկարչության ուսուցիչների:
Ախալքալաքի №3 դպրոցում թափուր աղխատատեղ կա տարրական դասարանների և հատուկ ուսուցչի համար:
Գոման, Կիրովական, Բալխո և Դադեշ գյուղերի դպրոցները հայտարարել են անգլերենի, երաժշտության, կենսաբանության և քաղաքացիական իրավունքի ուսուցիչների թափուր աշխատատեղ:
Իսկ Մյասնիկյան գյուղի դպրոցը հայտարարել է թափուր աշխատատեղ դպրոցի տնօրենի պաշտոնում:
Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի շրջանի 10 դպրոցում այսօրվա դրությամբ հայտարարված է 20 թափուր աշխատատեղ:
Հարկ է նշել, որ Վրաստանի դպրոցներում աշխատող 64 329 ուսուցիչներից 16 406-ը կենսաթոշակային տարիքի են:
Ըստ Վրաստանի կրթության փոխնախարար Իրինա Աբուլաձեի, այս փուլում գրանցվել են կենսաթոշակային տարիքի մինչև 6000 ուսուցիչ:
Ըստ նրա՝ մանկավարժները, որոնք ինքնակամ որոշել են հեռանալ դպրոցից, երկու տարվա աշխատավարձը կստանան ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին: Նրանք ամբողջ կյանքի ընթացքում կունենան մանկավարժի բժշկական ապահովագրական փաթեթ:
«Հիշեցնենք, որ 2019 թվականին իրականացված համապատասխան սահմանադրական փոփոխությունների հիման վրա, 2022 թվականին Վրաստանի բյուջեի մեկ չորրորդը կծախսվի կրթության ոլորտի վրա: Չնայած արդեն հիմա կա կրթության ֆինանսավորման աստիճանական սիստեմատիկ աճ, ինչն ակնհայտորեն ենթադրում է ավագ, առաջատար և մենթոր ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում»,- նշել է Իրինա Աբուլաձեն:
Հատկանշական է, որ կենսաթոշակային տարիքի ուսուցիչների դրամական ֆոնդը, ովքեր մտադիր են դրամական պարգևավճար ստանալ, հասնում է մի քանի տասնյակ միլիոն լարիի:
Նշենք, որ Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնի համաձայն՝ մունիցիպալիտետի դպրոցներում դասավանդում է 1437 ուսուցիչ, որոնցից 260-ը կենսաթոշակային տարիքի են:
Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում ուսուցչի թափուր աշխատատեղերի համար հավակնող թեկնածուները կարող են հայտ ներկայացնել մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:
Բրատիսլավ Իգիթխանյան