Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու Ախալքալաքի հատվածը, նույնիսկ պաշտոնական բացումից հետո, միշտ շինհրապարակ էր հիշեցնում։ Բայց այսօրվա մեր այցելության ժամանակ արդեն նկատելի են կառուցված ենթակառուցվածքները, քանի որ շրջակա տարածքից հեռացվել է շինարարական աղբը։ Ըստ շինարարների, այստեղ շինարարությունը շուտով կավարտվի, բայց, թե որքան շուտ, այս հարցին պատասխան չկա։
ԲԹԿ-ն պաշտոնապես բացվել է 7 տարի առաջ, սակայն ԲԹԿ-ի Ախալքալաքի կայարանում շինարարական աշխատանքները չեն դադարել և շարունակվում են մինչ օրս։
Կառուցվել է կայարանի շենքը, բեռնման տարածքը, վարչական շենքերը և ռելսերի փոխարինման կետը, անցկացվել են էլեկտրահաղորդակցման և կապի բոլոր աշխատանքները։
Մեր այցելության ընթացքում, հոկտեմբերի 30-ին, ԲԹԿ-ի Ախալքալաքի կայարանում շինարարական աշխատանքները շարունակվում էին։ Պաշտոնապես չհաջողվեց ճշտել, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվում և ինչ ենթակառուցվածքներ են կառուցվում։
ԲԹԿ-ի Ախալքալաքի կայարանում վերջին տարիներին ավելացել է Ախալքալաքցի և Նինոծինդացի աշխատողների թիվը։ Նրանցից մեկի՝ Արմեն Խաչատրյանի հետ կարողացանք զրուցել։ Նա աշխատանքի է ընդունվել GROUP EMC-ում: Աշխատել է որպես ներկարար, բայց քանի որ ներկարարական աշխատանքներն ավարտվել են, նա օգնում է մուտքի տարածքից շինարարական աղբը հեռացնելու գործում։
Մոտակայքում աշխատում էին զոդողները։ Աշխատողներից մեկն ասաց, որ 6 ամիս է աշխատում է, բայց նաև ավելացրեց, որ կան տեղացի աշխատողներ, որոնք աշխատում են 2-3 տարի։
Աշխատանքների համար պատասխանատուն հրաժարվեց մեզ պաշտոնական տեղեկություն տալ, սակայն ասաց, որ աշխատողների 80%-ը տեղացի են, և, որ Ախալքալաքի կայարանում աշխատանքներն ավարտվում են։
Ախալքալաքի երկաթուղային կայարանը զբաղեցնում է 102 հեկտար տարածք և ներառում է գերմանացի ճարտարապետ Յուրգեն Մեյերի կողմից նախագծված կայարանի շենքը և միջազգային ստանդարտների բեռնատար տարածքը, որը նախատեսված է բոլոր տեսակի բեռների համար։ Ծրագրի հզորությունը հաշվարկված է տարեկան 5 մլն տոննա բեռի համար։ Բայց երկաթգիծը դեռ ամբողջ հզորությամբ չի աշխատում։
Երկու երկրների միջև ստորագրված միջազգային համաձայնագրի հիման վրա, այս տարվա ամռանը, ՓԲԸ «Ադրբեջանական երկաթուղիներ» և «Մարաբդա-Կարցախ երկաթուղիներ» ՍՊԸ-ը դուստր ձեռնարկությունները ստեղծեցին համատեղ ՍՊԸ «BTK Railways», ձեռնարկություն, որը կկառավարի Մարաբդա -Կարծախ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքն ու գործունեությունը: Սակայն մեզ դեռ չի հաջողվել գտնել այս ընկերության ներկայացուցիչներին։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի վրացական հատվածի երկարությունը կազմում է 180 կմ, ներառյալ եվրոպական ստանդարտների 27 կմ երկարությամբ ուղին: