Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին արդեն 6 տարի է, ինչ շահագործվում է։ Երկաթուղային քոլեջը Թբիլիսիում գործում է արդեն 4 տարի։ Jnews-ը փորձեց պարզել, թե արդյոք քոլեջի Ջավախքցի ուսանողները տեղավորվել են աշխատանքի և ինչպիսին է աշխատանքի տեղավորման վիճակը ԲԹԿ-ում։
Չնայած այն հանգամանքին, որ ԲԹԿ երկաթուղին պաշտոնապես սկսել է գործել 2017 թվականին, «Ախալքալաք» կայանն ավելի շատ նման է շինհրապարակի, քան ավարտված, գործող միջազգային ենթակառուցվածքի մասի:
ԲԹԿ-ն եւ Ախալքալաքի «չարթնացած» տնտեսությունը
Երբ սկսվեց ԲԹԿ-ի շինարարությունը, Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները խոստացան, որ աշխատողների 80%-ը կլինեն տեղացիներ, սակայն շինարարության ընթացքում Ջավախքից միայն հատուկենտ մարդիկ են աշխատանքի տեղավորվել։ Տեղացիներից, այսինքն՝ Վրաստանի քաղաքացիներից, շինարարական ընկերությունները շատերին աշխատանքի են ընդունել Մառնեուլից։ Հարցին, թե ինչու չեն ընդունում Ջավախքի տեղացիներին, «Ազերինսաաթսերվիս» ընկերությունից, որը շինարարության պատասխանատու էր, ասում էին, որ տեղացիները չեն կարող աշխատել իրենց տեխնիկայով։
2019 թվականին Թբիլիսիում բացվեց Երկաթուղային տրանսպորտի քոլեջ։ Քոլեջի շնորհանդեսը տեղի ունեցավ նաև Ախալքալաքում։ Ախալքալաքցիների մոտ հնարավորություն և հույս առաջացավ աշխատանք գտնել ԲԹԿ-ում։
Ախալքալաքում ներկայացվել է Երկաթուղային քոլեջի ծրագիրը
ՍՊԸ «Մարաբդա-Կարծախ երկաթուղին» և Երկաթուղային տրանսպորտի քոլեջը ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի քոլեջն ավարտած ուսանողները պետք է աշխատանքի ընդունվեն ԲԹԿ-ում։
Դեռ հարց է կկարողանան թե ոչ տեղացի մասնագետներն աշխատել ԲԹԿ-ում
Բաքու-Թբիլիսի-Կարս. Ով է աշխատելու
Ախալքալաքի մունիցիպալիտետից 4 հոգի, 2019թ.-ին, ընդունվել էին Թբիլիսիի երկաթուղային քոլեջ: Նրանք քոլեջի առաջին ուսանողներն էին Ախալքալաքից։ Նրանց թվում են՝ երկու հոգի Սուլդա գյուղից, մեկը՝ Հոկամից, իսկ մյուսը՝ Դադեշ գյուղից։
Արտաշես Մովսեսյանը Դադեշ գյուղից է: Նա Ախալքալաքի չորս ուսանողներից մեկն է, ովքեր 2019 թվականին ընդունվել են Երկաթուղային քոլեջ։ Արտաշեսը 2 տարի սովորել է «Գնացքաքարշերի կառավարում» ծրագրում։ Բայց քոլեջում սովորելուց հետո պրակտիկա չի անցել, հետևաբար չի ստացել դիպլոմ և չի աշխատում։
Նրա խոսքով, խնդիրն այն է, որ քոլեջի ղեկավարությունը թույլ չի տվել պրակտիկան անցնել Ախալքալաքում, և ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ 6 ամիս պրակտիկան անցնել Գորիում, Թբիլիսիում կամ Խաշուրիում:
«Մենք ֆինանսապես չենք կարող մեզ թույլ տալ շաբաթը երկու անգամ գնալ այնտեղ և ետ դառնալ, իսկ բնակարան վարձելը նույնպես թանկ է: Վեց ամսվա ընթացքում մեզ ամսական 100 լարի պետք է վճարեին, և դա շատ քիչ է: Գուցե պրակտիկայից հետո մենք աշխատանքի ընդունվեինք Ախալքալաքում, թեև չեմ կարող հստակ ասել, թե որքանով է դա հնարավոր»,- ասում է Արտաշես Մովսեսյանը։
Նա հույս ունի պրակտիկան անցնել և աշխատանքի տեղավորվել, քանի որ գրանցված է տվյալների բազայում։ Արտաշեսը գոհ է քոլեջում կրթության որակից:
Մեր ունեցած տեղեկություններով, չորս առաջին ուսանողներից Սուլդացի ուսանողը չի շարունակել ուսումը և չի հասել պրակտիկայի փուլին, մնացածը չեն աանցել պրակտիկան։
Քոլեջն ուներ նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետից ուսանողներ, սակայն Ախալքալաքցի և Նինոծմինդացի ուսանողների ճշգրիտ թիվը մեզ չհաջողվեց ճշտել: Թբիլիսիի երկաթուղային քոլեջի գործադիր մենեջեր Շոթա Մարգիշվիլին ասում է, որ իրենք դեռ վիճակագրություն չունեն։
Վաղարշակ Անտոնյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղից է, նա աշխատում էր ԲԹԿ-ում և որոշում է մասնագիտական կրթություն ստանալ։ Սովորել է Թբիլիսիի երկաթուղային քոլեջի «Լոգիստիկա» ծրագրում։
«Աշխատում էի ԲԹԿ-ում, իմացա քոլեջի գոյության մասին ու գնացի սովորելու: Սովորելուց հետո իմ կարգավիճակը բարձրացավ, դարձա ավագ: Պրակտիկան անցա Թբիլիսիում, իմ հաշվին »,- ասաց Վաղարշակ Անտոնյանը։
Սակայն, պրակտիկան անցնելու համար նա իր հաշվին արձակուրդ է վերցրել։
Ըստ Վաղարշակի, Փոկայից կային տղաներ, ովքեր աշխատում ու սովորում էին, որ փաստաթուղթ ունենան, բայց կային նաև այնպիսիք, ովքեր սովորում էին ԲԹԿ-ում աշխատանքի անցնելու համար։
Փոկա գյուղից Ղազարոս Աղայանն այժմ սովորում է քոլեջում և հույսով է, որ աշխատանք կունենա։
«Դեռ ես սովորում եմ, մի քանի ամիս էլ կա, պրակտիկան առջևում է, լոգիստիկա եմ սովորում, 9-րդ դասարանից դուրս եկա ու գնացի քոլեջ սովորելու, դիպլոմիս հետ կստանամ նաև 12-րդ դասարանի ատեստատ: Պրակտիկան կսկսվի հաջորդ կիսամյակից և կտևի մինչև հուլիսի 14-ը: Ես դեռ մանրամասն չգիտեմ պրակտիկայի մասին, տեղյակ չեմ, սովորելուց հետո ինձ խոստացել են աշխատանքի տեղավորել»,- ասաց Ղազարոս Աղայանը։
Jnews-ը նաև փորձում է պարզել, թե Ջավախքից քանի մարդ է աշխատում ԲԹԿ-ում, ինչը բավականին դժվար է, քանի որ «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ընկերությունը, ինչպես նաև ԲԹԿ վրացական հատվածի պատասխանատու պաշտոնական կառույցները պաշտոնական տեղեկատվություն չեն տրամադրում մեր հայցումներին։