Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի կայարանում էլեկտրահաղորդման և կապի աշխատանքներն իրականացվել են ATF Georgia-ի կողմից։ Մոտ 100 աշխատակցի մեկ տարի առաջ 1-ից 3 ամսվա աշխատավարձ չեն վճարել։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման է հանձնվել յոթ տարի առաջ, սակայն այսօր կրկին Ախալքալաքի կայարանի հարակից տարածքը հիշեցնում է մեծ շինհրապարակ, այնտեղ շարունակվում են շինարարական աշխատանքները։

«ATF Georgia» ընկերությունը մի քանի տարի Ախալքալաքի կայարանի տարածքում էլեկտրակապի և կապի աշխատանքներ էր իրականացնում։ Այս ընկերությունը ԲԹԿ-ի շինարարության սակավաթիվ կապալառուներից է, որը հիմնականում որպես բանվոր վարձել է տեղի բնակիչներին և ընդհանրապես Վրաստանի բնակիչներին։ Այս ընկերությունում աշխատել են մարդիկ Ախալքալաքից, Նինոծմինդայից, Մառնեուլից, Բոլինիսից և Վրաստանի այլ մունիցիպալիտետներից։ Այս տարվա սկզբից, ինչպես ասում են նախկին աշխատակիցները, ընկերությունն այլևս չի աշխատում ԲԹԿ-ում։ Մոտ 100 աշխատող, ովքեր դեռ նախորդ տարվանից սպասում են իրենց աշխատավարձին, այն ստանալու հույս ունեն։ Նրանցից մեկը Բարսեղ Բաբաջանյանն է՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղից։ Նա այնտեղ աշխատել է որպես պահակ և վարորդ։ Բաբաջանյանը վարորդի աշխատավարձը ամբողջությամբ ստացել է, իսկ որպես պահակ ստանալիք՝ մեկ ամիս 20 օրվա աշխատավարձը ընկերությունը պարտք է։ Բարսեղ Բաբաջանյանը նախորդ տարի սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ աշխատել է АТF-ում։

Նրա խոսքով, ATF ընկերությունը շուրջ 100 աշխատակցի աշխատավարձ է պարտք։ Ոմանց մեկ ամսվա, ոմանց 2 կամ ավելի: Փոկայից ընկերությունում աշխատել է 6 հոգի, եղել են նաև Ղուլալիս գյուղից, ինչպես նաև Մառնեուլից ու Բոլնիսից։

«Բողոքեցինք, գնացինք Թբիլիսի՝ ընկերության գրասենյակ, մեր բողոքին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, հետո գնացինք Թբիլիսիում Բաքվի դեսպանատուն, ասացին, որ մեր գումարը չի կորչի, համապատասխան միջոցներ կձեռնարկեն, ինձ պարտք են 1 ամիս 20 օրվա համար, իսկ՝ ոմանց 4-5 ամսվա աշխատավարձ են պարտք»,- ասաց Բարսեղ Բաբաջանյանը։

Բաբաջանյանի խոսքով, բոլորի մոտ պարտքի չափը տարբեր է, ընկերությունը իրեն 1600 լարի է պարտք:

«Սադախլոյից մեկին 5 հազար լարի են պարտք»,- ասում է նա։

Բաբաջանյանը նաև ասաց, որ Թբիլիսիում АТF-ի գրասենյակը նոր ղեկավար ունի, որը դատի է տվել նախորդին։ Նրա խոսքով, եթե նախկին ղեկավարը շահի գործը, իրենք հավանաբար գումարը կստանան, իսկ եթե հաղթի նոր ղեկավարը, ապա իրենք հույս չունեն այդ գումարը ստանալու, քանի որ իրենց խոստացել է նախկին ղեկավարը։

Պարզելու, թե աշխատակիցներին երբ է վճարվելու պարտքը, Jnews-ին այս փուլում չհաջողվեց կապ հաստատել ընկերության հետ, սակայն, աշխատակիցների բողոքների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, մենք կփորձենք կապ հաստատել ATF ընկերության հետ։