«Կարևոր է ամբողջությամբ օգտագործել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու առավելությունները, ինչի համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ավարտել դրա արդիականացման աշխատանքները», – ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
Թուրքիայի նախագահի խոսքով, կրիտիկական կարևորության մարտահրավերների ֆոնին երկրների համար շատ կարևոր է զարգացնել ներուժը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։
Էրդողանը նշել է, որ երկրի առաջնահերթությունները ներառում են Անդրանատոլիական բնական գազատարի (TANAP) թողունակության ընդլայնումը և Կասպյան բնական գազի արտահանումը Թուրքիա։
Թուրքիայի նախագահը խոսել է նաև հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության գործընթացի մասին և նշել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անշուշտ խաղաղության և կայունության հույսի աղբյուր կլինի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։
«Այս գործընթացում մենք ուս ուսի տված գնում ենք Ադրբեջանի հետ։ Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո պատմական հնարավորությունների պատուհան է բացվում մեր տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Շատ կարևոր է, որ այս հնարավորությունների պատուհանը չփակվի։ Ես կարծում եմ, որ Հայաստանը այս գործընթացը պետք է դիտարկի ռազմավարական տեսանկյունից՝ մտածելով երկարաժամկետ հեռանկարի մասին»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։