Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում կատարվեց Նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով ջրի օրհնության կարգ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ընդունված կարգի համաձայն՝ Նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով Թեմերում կատարվում է ջրօրհնեքի արարողություն:

Այսօր՝ հատկանշական օրով, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, կիրակնօրյա Սուրբ Պատարագը մատուցվեց Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի կողմից:

Հընթացս Սբ. Պատարագի, Սրբազան Հայրն իր քարոզի խոսքում հավուր պատշաճի մեկնաբանեց Սբ. Մյուռոնի խորհուրդը, հավատացյալներին ի գիտություն հայտնելով, թե երբ և ում ձեռամբ է կիրառվում Սրբալույս Մյուռոնը և օրհնված ջրից հավատացյալները ինչպես պետք է օգտվեն:

«Մեր իրականության մեջ Սուրբ Մյուռոնը ամենամեծ սրբությունն է, որը մենք ունենք այս պահին, որովհետև այն օրհնվում է Հայ եկեղեցու և Քրիստոնեական եկեղեցու ունեցած ամենամեծ սրբություններով: Բոլոր Մյուռոնօրհնությունների ժամանակ, նոր Մյուռոնին միշտ խառնվում է հինը, սա նշանակում է, որ այսօրվա մեր ունեցած Մյուռոնը ունի մասնիկը այն Մյուռոնի, որը օրհնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչն առաջին անգամ, հետևաբար պատկերացրեք թե ինչ սրբություն է իրենից ներկայացնում այն»:

ekexeci 2

ekexeci 1

Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ Նորօրհնյալ Սբ. Մյուռոնով օրհնվեց ջուրը և բաժանվեց հավատացյալներին: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում նույնպես հավատացյալները օրհնված ջուր տարան իրենց հետ: