Ջավախքի փոխանորդությունը երկրում հաստատված արտակարգ դրությունից ելնելով հայտարարություն է տարածել, որ եկեղեցական արարողությունները՝ Ծաղկազարդից մինչև Սուրբ Հարության տոն, կկատարվեն դռնփակ և առանց հավատացյալների:
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը դիմում է բնակչությանը:
«Սիրելի հավատացյալներ, սիրելի ջավախահայեր, ելնելով ստեղծված իրավիճակից և Վրաստանում հաստատված արտակարգ դրության և կարանտինային օրենքներից, Ծաղկազարդից մինչև Սուրբ Հարության տոնը ներառյալ բոլոր եկեղեցական տոներն ու արարողությունները պետք է կատարվեն դռնփակ և առանց հավատացյալների։
Հնարավորինս կփորձենք առցանց տարբերակով Ձեզ հասանելի դարձնել եկեղեցական արարողությունների ընթացքը։ Հովվություններում գործող կենտրոնական եկեղեցիները օրվա ընթացքում լինելու են բաց և մեր հավատացյալները հետևելով և խստագույնս պահպանելով պետության կողմից հաստատված ազատ տեղաշարժի սահմանափակումները, կարող են այցելել եկեղեցիներ և կատարել իրենց առանձնական աղոթքները։
Խնդրում և հորդորում ենք գիտակցաբար մոտենալ ժամանակավոր այս սահմանափակումներին և պահպանել հաստատված կարգն ու կանոնը։
Մենք լիահույս ենք, որ այս օրերը շուտով պիտի լինեն անցյալում և մոտ ապագայում վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին։
Մենք աղոթում ենք առ Աստված ամենքիդ առողջության և համայն աշխարհի համար, հայցում բարեգութ Աստծո օրհնությունը, որպեսզի ստեղծված այս կացությունը շուտափույթ կարգավորվի»,- նշված է հայտարարության մեջ: