Այսօր՝ մարտի 11-ին, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը Նինոծմինդայի բնակիչների, բիզնեսի ոլորտի մարդկանց հետ, ովքեր հիմնադրամին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհվածներին օգնելու համար դեղորայք և գումար էին փոխանցել:
Հանդիպմանը ներկա էին շուրջ 20 բարերարներ: Հանդիպումը բացեց Նինոծմինդայի հոգևոր առաջնորդ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Հիմնադրամի գործունեությունը սկսվել է սեպտեմբերի 28-ին ինչպես Նինոծմինդայում, այնպես էլ Ախալքալաքում: Հիմնադիրներից Կարեն Պապիկյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը: Նա ասաց, որ հիմնադրամը կշարունակի միջոցներ հայթայթել պատերազմի ընթացքում տուժած փախստականներին օգնելու համար, ինչպես նաև վիրավոր զինվորներին, զոհված զինվորների ընտանիքներին, որոնք ծնունդով Ջավախքից են:
Կարեն Պապիկյանը հայտնեց նաեւ, որ Ջավախքից ավելի քան 300 ընտանիք օգնություն է ստացել: Հիմնականում օգնություն են ստացել Ջավախքի միայնակ, տարեց և ծայրահեղ անապահով բնակիչները: Նրանց մեջ կա ազգությամբ վրացի ավելի քան 20 ընտանիք:
«Մեզ համար վրացիների և հայերի միջև տարբերություն չկա, քանի որ մենք Ջավախքի բնակիչներ ենք, իսկ Ջավախքը Վրաստան է: Եվ մենք սիրում ենք մեր երկիրը: Եթե մենք տարբերություն չենք դնում վրացիների և հայերի միջև, ապա տարբերություն չենք դնում ջավախահայերի և Հայաստանի հայերի միջև: Հետևաբար, եթե հիմնադրամն ունենա բավարար միջոցներ, մենք կօգնենք բոլոր կարիքավորներին: Մենք՝ ջավախահայերս, պետք է օրինակ լինենք համայն հայության համար: Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք միասնական լինել», – ասաց Կարեն Պապիկյանը:
Նա նաև շեշտեց, որ ոչ միայն ներկաներն են իրենց լուման ներդրել պատերազմից տուժածերին օգնելու համար, այլ նաև Ջավախքի բազում բնակիչներ, ովքեր ծնունդով այստեղից են, բայց ապրում են Եվրոպայի տարբեր երկրներում, Ռուսաստանում և այլուր: Հիմնադրամը ներկաներին հրավիրեց միանալ հիմնադրամի խորհրդին: Հավաքվածներին հանձնվեցին նաև շնորհակալագրեր:
Հիմնադրամն արդեն ունի երեք գրասենյակ՝ Երևանում, Ախալքալաքում, և վերջերս գրասենյակ է բացվել Նինոծմինդայում:
Հիմնադրամի գործունեությունը թափանցիկ է, և յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ դրան հիմնադրամի կայքում: