Ակտիվ, կրթված երիտասարդությունը հիմնականում խուսափում է քաղաքական կուսակցություններից և չի համագործակցում նրանց հետ։ Մյուս կողմից, շատ կուսակցությունների ներկայացուցիչներ պնդում են, որ իրենց ակտիվիստներից շատերը երիտասարդներ են։ Jnews-ը վերջերս բուհ ավարտած երիտասարդության ներկայացուցիչներին հարցրեց կուսակցությունների հետ համագործակցելու իրենց (չ) ցանկության պատճառների մասին, ինչպես նաև նախընտրական շրջանում Ջավախքի 5 ակտիվ կուսակցությունների ներկայացուցիչների երիտասարդների հետ իրենց համագործակցության մասին։

Չնայած Ջավախքի, երկրի, հասարակական-քաղաքական կյանքին ինտեգրվելու գործընթացում տեղի ունեցած դրական փոփոխություններին, տեղի բնակչությունը մնում է քաղաքացիապես և քաղաքականապես պասիվ։ Երիտասարդները բացառություն չեն, հատկապես քաղաքական պասիվության առումով։ Հազվադեպ կարելի է տեսնել վրացական բուհերում կրթություն ստացած ակտիվ երիտասարդների քաղաքական կուսակցությունների ակտիվիստների մեջ, հատկապես ընդդիմադիր:

Բարձրագույն կրթական հաստատությունները վերջերս ավարտած երիտասարդներին, Jnews-ը հարցրեց քաղաքական կուսակցությունների հետ համագործակցելու ցանկության մասին։

Վարդուհի Կուրղինյանն այս տարի ավարտել է համալսարանը և ստացել մագիստրոսի կոչում։ Նա Ախալքալաքի մունիցիպալիտետի ակտիվ երիտասարդներից է, ստանալով բակալավրի աստիճան Ախալքալաքում, ուսումը շարունակել է Թբիլիսիում։ Քաղաքական գործընթացներին մասնակցելու իր դժկամությունը Վարդուհին բացատրում է հետևյալ կերպ.

«Քաղաքականությունն իմ տեղը չէ, ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ ես չեմ լինի այն մարդը, ինչպիսին կուզենայի ինձ տեսնել, ես չեմ ուզում վերադառնալ Թբիլիսիից, այստեղ չեմ կարող նորմալ աշխատանք գտնել»,- ասում է Վարդուհի Կուրղինյանը։

Ժենյա Մկրտչյանը վրաց լեզվի բանասեր է, ուսումն ավարտելուց հետո գտել է աշխատանք, բայց իրեն երբեք չի պատկերացնում քաղաքականության մեջ:

«Ես ինձ քաղաքականության մեջ չեմ տեսնում: Մանկուց լսել եմ, որ պապիկս միշտ ասում էր, որ քաղաքականության մեջ ճշմարտություն չկա, այնտեղ լրիվ խաբեություն է, և երբեք չեմ էլ մտածել, որ կարող եմ մասնակցել դրանում»։

Ֆենյա Թորոսյանը ևս վրաց լեզվի բանասեր է, նա ավարտել է Թբիլիսիի համալսարանը և այժմ ակտիվ աշխատանք է փնտրում։ Սակայն, նա իրեն երբեք էլ չի պատկերացնում քաղաքականության մեջ։

Լիդա Ալմասյանն ավարտել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, նա իրեն հենց պատկերացնում էր քաղաքականության մեջ, նույնիսկ սիրել է այդ գործը, բայց հիմա առանձնապես չի ձգտում քաղաքական կուսակցությունների հետ համագործակցել։

«Մտածել եմ քաղաքականության մասին, բայց հետո ես տեսա, որ իրականությունն այլ է, քաղաքականությունը լրիվ այլ է»,- ասում է Լիդա Ալմասյանը։

Ջավախքում նախընտրական շրջանում ակտիվ գործունեություն ծավալած կուսակցությունների ներկայացուցիչներն, երիտասարդների, իրենց հետ համագործակցելու ցանկության մասին, իրենց կարծիքն ունեն։

«Հանուն փոփոխությունների» կոալիցիայից Նիկոլոզ Բեգիաշվիլին ասում է, որ իրենք ակտիվ են երիտասարդներ փնտրելու հարցում, և, որ իրենց կուսակցությունում երիտասարդները քիչ չեն։

«Մենք Ախալքալաքից և Նինոծմինդայից երիտասարդ տղաներ ունենք: Ճամբար ունեինք ու Սամցխե-Ջավախքից 9 երիտասարդ մասնակցեցին, ակտիվ էին, իրենք էին ցանկացել մասնակցել։ Երիտասարդները, ովքեր չեն ցանկանում մասնակցել քաղաքականությանը, նրանք հարկեր են վճարում ու արդեն մասնակցում են քաղաքական գործիչների ստեղծած օրենքին։ Երիտասարդները լավ գիտեն խնդիրները և պետք է անդամագրվեն կուսակցություններին և բարեփոխումներ իրականացնեն։ Եթե երիտասարդները քաղաքականության մեջ չգան, ուրեմն միշտ նույն մարդիկ են լինելու, երիտասարդները պետք է փոխեն ապագան։ Ընտրություններն արվում են, որ նոր մարդիկ գան ու փոխարինեն հներին»,- ասաց Նիկոլոզ Բեգիաշվիլին։

«Գախարիան՝ Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչ Սոֆիկո Խորգուանին ասում է, որ փնտրում է երիտասարդների, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ, և, ըստ նրա, այժմ ամբողջ Վրաստանում երիտասարդները խուսափում են քաղաքականությունից։

«Կարծում եմ, պատճառը քաղաքականության նկատմամբ անվստահությունն է, և դա ունի իր պատճառները։ Շատ հաճախ նրանք շատ բան են խոստանում, իսկ հետո դու կորցնում ես նրանց ու չես կարողանում գտնել: Այն տպավորությունը կա, որ քաղաքականությանը չի կարելի վստահել, որ մարդիկ գնում են քաղաքականություն փող աշխատելու, կամ պարզապես գողացված փողերը պահպանելու համար։ Ցավոք, դա այդպես է: Մենք ունենք երիտասարդական կազմակերպություն։ Ախալքալաքից մեզ երկու-երեք հոգի գրել են: Ես հիմա փնտրում եմ մարդկանց, ովքեր կհետաքրքրվեն քաղաքականությամբ, ովքեր որպես քաղաքական գործիչ կմասնակցեն 2025 թվականի ՏԻՄ ընտրություններին»,- ասաց Սոփիկո Խորգուանին։

Ախալքալաքում «Լելո» կուսակցության ներկայացուցիչն ասաց, որ իրենց կուսակցության 30 տոկոսը երիտասարդներ են։

«Կրթված երիտասարդներին անտեսում են, եթե մեր կուսակցությունը լինի իշխանությունում, մենք ավելի շատ տեղ կտանք երիտասարդներին։ Մեր 124 հանձնաժողովի անդամները երիտասարդ են։ Կուսակցության 30%-ը բաղկացած է մինչև 30 տարեկան երիտասարդներից։ Երիտասարդներին գրավելու համար գյուղերում պետք է բացատրել, ամեն գյուղ մտնել մի քանի անգամ, մենք ֆինանսներ չունենք»,- ասում է Զաքար Զաքարյանը։

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը, ով կուսակցական ցուցակներով պատգամավորի թեկնածու է, ասում է, որ տեղի կուսակցական բջիջի 60%-ն Ախալքալաքցի և Նինոծմինդացի երիտասարդներն են։

«Պետք է պայմաններ ստեղծենք, որ սովորելուց հետո երիտասարդները վերադառնան և աշխատեն, 50 տարի է, նույն մարդիկ նույն պաշտոններում են: Սրա մեղավորը գործող իշխանությունն է։ Մենք ուզում ենք, որ երիտասարդները սովորելուց հետո աշխատանք գտնեն։ Այժմ մեր երիտասարդները գիտեն ոչ միայն պետական լեզուն, այլեւ անգլերեն ու ֆրանսերեն։ Մեզ պետք են բոլոր մասնագետները, երբևէ չի կարող որևէ մասնագիտություն շատ լինել: Մեր թիմում կան երիտասարդներ, ովքեր չեն աշխատում, կան նաև պետական կառույցներում աշխատողներ, և մեզ ասում են, որ արդեն հոգնել են այս իշխանությունից, և պետք է նրանց փոխել»,- ասաց Արսեն Կարապետյանը։

«Վրացական երազանք» կուսակցության շտաբի ղեկավար, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է, որ շրջանի երիտասարդության մեծ մասն իրենց կուսակցությունում է։

«Կոնկրետ թիվ չեմ ուզում ասել, կարող է սխալվեմ, մեր շրջանի երիտասարդության մեծամասնությունը մեզ հետ է, չեմ կարող տոկոսով ասել, բայց շրջանի բոլոր առողջ մտածելակերպով երիտասարդները մեր կողքին են: Դուք գիտեք, որ մենք ունենք սահմանափակ աշխատատեղեր։ Վերջին տարիներին, երբ աշխատանքի ընդունելու հնարավորություն ենք ունեցել, հիմնականում երիտասարդներով ենք համալրել, շեշտը դնում ենք երիտասարդության վրա: Քաղաքապետարանի բոլոր ծառայությունները վերջին շրջանում համալրվել են երիտասարդներով։ Նախընտրական շրջանում էլ հիմնականում շփվում ենք երիտասարդների հետ, ուզում ենք բացահայտել, որպեսզի հետագայում, հնարավորության դեպքում, օգնենք այս մարդկանց»,- ասաց Մելքոն Մակարյանը։