ԱՄՆ կառավարությունն ամենաբարձր մակարդակով վերահսկում է խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կազմակերպած քննարկմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Դաֆնա Ռենդը (Dafna Hochman Rand)։

«Կարծում եմ, դուք բոլորդ հասկանում եք, որ մենք մտահոգված ենք, և ԱՄՆ կառավարությունը վերահսկում է [Վրաստանի ընտրությունները] ամենաբարձր մակարդակով, ինչպես և ԱՄՆ Կոնգրեսը», – ասել է Ռենդը:

Նա նշեց, որ ընտրությունները կարող են արդար համարվել միայն «եթե լինեն ազատ քննարկումներ և բաց բանավեճեր»։ Սակայն, ըստ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի, տարեսկզբից «Վրացական երազանքի» կառավարությունը «փորձել է փոքրացնել քաղաքական ընդդիմության տարածքը»՝ օգտագործելով Ռուսաստանում փորձարկված մարտավարությունը։ Այժմ, ասում է Ռենդը, Մոսկվան բացահայտորեն աջակցում է Վրաստանի իշխող կուսակցությանը:

«Վրացական երազանքի արդար հաղթանակի դեպքում որևէ պրոբլեմ չկա։ Խնդիրն այն է, որ նրանք սահմանափակել են վրաց ժողովրդի հնարավորություններն արտահայտելու իրենց ցանկությունները»,- հայտարարել է նա:

Ռենդը վստահ է, որ այն, ինչ կատարվում է Վրաստանում, պետք է դիտարկել «միջազգային հարաբերությունների ավելի լայն շրջանակում»։ Նա ընդգծել է, որ «Վրաստանի ժողովրդի 80 տոկոսը ձգտում է ավելի մեծ ինտեգրման ԵՄ-ին» և «ցանկանում է անցնել բարեփոխումների գործընթացով»։

«Ռուսաստանի կողմից տարածության սահմանափակումը և միջամտությունը իրականում ուղղված են վրացական կառավարությանն ու ժողովրդին իրենց ուղեծիր վերադարձնելուն, և դա ուղղակի անընդունելի է»,- նշել է նա։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսի շեմը։

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը իշխանության ղեկին է արդեն 12 տարի։ Կուսակցությունը կփորձի հաղթանակ տանել չորրորդ անգամ։

Իշխանությունում գտնվող կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական կետերն էին ընդդիմությանն արգելելու, եկեղեցու դերը Սահմանադրության մեջ ուժեղացնելու, երկիրը գեյերից պաշտպանելու և Ռուսաստանի հետ պատերազմը կանխելու խոստումները։