Ոստիկանությունը բերման է ենթարկել 1959 թվականին ծնված Լ.Բ.-ին՝ հարսին դիտավորյալ սպանելու մեղադրանքով: Աջարիայի Սալիբաուրի գյուղում սկեսրայրը հրազենով կրակել է իր հարսին:

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ վիրավոր կնոջը հաջողվել է զանգահարել ընկերներին և օգնություն կանչել, սակայն մինչ շտապօգնության ժամանումը վիրավոր կինը մահացել է։ Հաղորդվում է նաև, որ սկեսրայրը հնարավոր է հոգեկան խնդիրներ ունի:

Մեղադրյալին սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում, հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։

Վերջին շրջանում ընտանեկան կոնֆլիկտների հիման վրա կանանց սպանությունը հաճախակի կատարվող հանցագործություն է դարձել։ Տարեսկզբից Վրաստանում ընտանիքի անդամների կողմից սպանվել է մինչև 20 կին։ Անցյալ տարի երկրում սպանվել է 22 կին։ Վերջին 8 տարիների ընթացքում զոհերի թիվը հասել է 186-ի, և կանանց սպանության 129 փորձ: